Իլհամ Ալիեւի Եվրոպական խաղերը Ադրբեջանի համար խայտառակ PR-աղետ էին. IBT

Իլհամ Ալիեւի Եվրոպական խաղերը Ադրբեջանի համար խայտառակ PR-աղետ էին. IBT

Համաշխարհային մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւին` սեփական հեղինակության մեծացման նպատակով Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման վրա 10 մլրդ դոլար ծախսելու համար, այն դեպքում, երբ այն կարող էր օգտագործվել երկրի բնակչության ցածր կենսամակարդակը բարձրացնելու վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեմային անդրադարձում International Business Times թերթն արձանագրում է, որ «Իլհամ Ալիեւի Եվրոպական խաղերը Ադրբեջանի համար խայտառակ PR-աղետ էին»:

«Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրվում է երկրում մարդու իրավունքների խախտման, այդ թվում` իրեն քննադատողների ձերբակալության մեջ: Սեփական հեղինակությունը բարձրացնելու նպատակով Եվրոպական խաղերի անցկացման վրա նա մոտ 10 մլրդ դոլար է ծասխսել: Խաղերի բացման եւ փակման արարողությունները շքեղ, սակայն, անհոգի էին, քանի որ, չնայած մարզադաշտի վրա թռչող օլիմպիական խորհրդանիշներին, յուրաքանչյուր ոք գիտեր, որ այդ ամբողջ պատկերը միայն այդ գործով զբաղվողների շահերը սպասարկողներին պատկանող կեղծ խաղեր են»,- գրում է թերթը:

Թերթը հեգնանքով հիշեցնում է, որ Բաքվում կազմակերպված խաղերի ու Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու համար պետական ԶԼՄ-ները «կեղծ» բրիտանացի զբոսաշրջիկ են անգամ գտել` տեղացի ադրբեջանցուն ներկայացնելով բրիտանացի, ով եթերում Ադրբեջանի եւ Եվրոպական խաղերի մասին գովաբանական խոսքեր է շռայլել:

«Իր այդ անիմաստ նախագծի դեմ բացասական միջազգային արձագանքից չքաշվող Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Փեթ Հիքին փակման արարողության ժամանակ հայտարարեց, թե «Ադրբեջանի ապագան փայլուն է»: Դա կարող է ճշմարտություն լինել, եթե նա նկատի ունի Ալիեւների ընտանիքին եւ նրա մերձավոր շրջապատին»,- նշում է թերթը:

Պարբերականն անդրադարձել է Ալիեւի հանձնարարությամբ կեղծ մեղադրանքներով իր քննադատների նկատմամբ բռնաճնշումներին եւս: Նշելով, որ Եվրոպական խաղերի օրերին Ադրբեջանում շարունակում են մոտ հարյուրի հասնող քաղբանտարկյալների թվում կալանքի տակ մնալ Ալիեւների հարյուր միլիոնավոր դոլարների հասնող կոռուպցիան բացահայտած, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովան, «Սպորտը հանուն իրավունքների» արշավի ղեկավար Ռասուլ Ջաֆարովը, իսկ ընդդիմադիր Էմին Հուսեյնովը շվեյցարացի դիվանագետի օգնությամբ հեռացել է Ադրբեջանից եւ ապաստան խնդրել Շվեյցարիայում, թերթը գրում է, որ այդ բոլոր իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի իշխանությունները Եվրոպական խաղերի ժամանակ արգելել են երկիր մուտք գործել The Guardian, Platform եւ Amnesty International-ի լրագրողներին ու ակտիվիստներին, որպեսզի վերջիններս Ադրբեջանի մաին բացասական նյութեր չկարողնան պատրաստել:

Թերթը նշում է, որ Ալիեւի բռնապետական վարչակարգի պատճառով ադրբեջանցի լրագրողներն ու ակտիվիստները վտանգի տակ են ինչպես սեփական տանն, այնպես էլ արտասահմանում, քանի որ նրա մարդիկ նույնիսկ սպառնում են արտասահմանում բնակվող լրագրողներին:

«Բաքու 2015-ի ռազմավարությունն իրեն չարդարացրեց: Իսկ դա նյարդացնում է ռեժիմին: Աշխարհը երբեք այդքան շատ լուրեր չէր ստացել իշխանական շրջանակների իրական դեմքի ու կեղծարարությունների մասին: Ալիեւը պետք է վերջ դնի լրագրողների, իրավապաշտպանների, ակտիվիստների եւ քաղաքական գործիչների ձերբակալություններին, քանի որ հենց ինքն է դրա համար պատասխանատուն: Նրա պահվածքը սեւ բիծ է թողել Եվրոպական խաղերի վրա: Ոչ մի երկիր չի ցանկանում ստանձնել նոր Եվրոպական խաղերի անցկացումը: Նիդերլանդները որոշեց, որ դա փող ծախսելու համար ոչ արժանի զբաղմունք է: Այնպես որ, բոլոր ադրբեջանցիները տեսան, որ բռնապետ Ալիեւը վերածվել է խաղալիքի: Այժմ նա մտադի ր է ստանձնել նաեւ շախմատի, ֆուտբոլի եւ «Formula 1»-ի մրցումների անցկացումը: Հնարավոր է` Ալիեւը կարծում է, թե կարող է նման միջոցառումներով շեղել աշխարհի ուշադրությունն իր բռնություններից: Սակայն, Եվրոպական խաղերի անցած երկու շաբաթները ցույց տվեցին նրա այդ վստահության սուտ լինելը»,- ամփոփում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում