Թղթի վրա մնացած Մայր օրենք «Որոգայթ փառացից» մինչև մեր օրեր. Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

Թղթի վրա մնացած Մայր օրենք «Որոգայթ փառացից» մինչև մեր օրեր. Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

1991թ.-ի Հայաստանի Հանրապետության անկախացումից կամ անկախության վերականգնումից 4 տարի հետո՝ 1995-ի հուլիսի 5-ին,  հանրաքվեի միջոցով ընդունեցինք երկրի Գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը: Այս օրվանից հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։

2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։

Փոփոխությունները նշանակալի էին հատկապես հանրապետության կառավարման կարգի, իշխանությունների բաժանման, զսպումների և հակակշիռների մեխանիզմների ապահովման տեսանկյունից։ Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։

Այսպես, փոփոխություններով վերացվեց Հանրապետության Նախագահի՝ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. ներկայումս Հանրապետության նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։

Կառավարման կարգի հետ կապված հաջորդ կարևոր փոփոխությունը Ազգային ժողովն արձակելու՝ Հանրապետության նախագահի՝ կրկին, ըստ էության անսահմանափակ լիազորության վերացումն էր։ Փոփոխություններով սահմանվեցին այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն Հանրապետության Նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը։ Այդ բոլոր դեպքերն ըստ էության վերաբերում են Ազգային ժողովի կողմից անգործություն դրսևորելու իրավիճակներին։

Կարևոր փոփոխություններ տեղի ունեցան նաև դատական համակարգի կազմակերպման ոլորտում։ Էապես փոխվեց արդարադատության խորհրդի կազմավորման կարգը, որն իր հերթին դատական համակարգի կազմավորման գործում վճռորոշ նշանակություն ունի. հենց արդարադատության խորհրդի ներկայացման հիման վրա է Հանրապետության Նախագահը կատարում դատավորների նշանակումները։

Այսպես, մինչև 2005թ. սահմանադրական փոփոխությունները ՀՀ Նախագահը գլխավորում էր արդարադատության խորհուրդը, իսկ խորհրդի փոխնախագահներն էին գործադիր իշխանության ներկայացուցիչներ՝ արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը։ Խորհրդի կազմի մեջ մտնում էին նաև Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը’ իրավաբան գիտնական, ինը’ դատավոր, երեքը՝ դատախազ։

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրապետության Նախագահի ազդեցությունն արդարադատության խորհրդի վրա կտրուկ նվազեցվեց։ Ներկայումս Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ։

Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։

Սահմանադրությունում կատարված կարևոր փոփոխություններից էր նաև Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնումը։ Մասնավորապես, ներկայումս օրենքների և այլ իրավական ակտերի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում կարող են վիճարկել (ստուգել) մարդու իրավունքների պաշտպանը, դատարանները և դատախազները՝ իրենց վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է բարձրագույն դատական ատյանի (բացի սահմանադրական արդարադատության հարցերից)՝ ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակին։ Սահմանադրական փոփոխություններով ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահվեց դատարանների կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթ։

Այդ գործառույթի իրագործումը Հայաստանում սկիզբ դրեց դատական նախադեպի՝ որպես իրավունքի աղբյուրի կիրառությանը։ Իհարկե, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների՝ որպես դատական նախադեպի էությունը էականորեն տարբերվում է անգլոամերիկյան իրավունքում դատական նախադեպի էությունից, քանի որ Հայաստանի իրավական համակարգում դատական նախադեպը ոչ թե իրավաստեղծ, այլ առավելապես իրավունքը մեկնաբանող աղբյուր է։

Սահմանադրական մի շարք այլ փոփոխություններով Սահմանադրությունում ամրագրված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների շրջանակը և դրանց ձևակերպումն առավել համապատասխանեցվեցին ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին, սահմանադրաիրավական կարգավիճակ ստացան (Սահմանադրությամբ նախատեսվեցին) մի շարք պետական մարմիններ, մասնավորապես՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ կենտրոնական բանկը, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, վերահսկիչ պալատը։

ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և 9 գլուխներից։ Պրեամբուլան սահմանում է սահմանադրության ընդունման ընդհանուր սկզբունքները և նպատակները (Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը)։

Պրեամբուլան իրավական տեսանկյունից կարևորվում է նաև այն առումով, որ հղում է կատարում 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի վրա՝ այդպիսով հռչակագրում ամրագրված սկզբունքներն ու հայոց պետականության նպատակները բարձրացնելով սահմանադրաիրավական մակարդակի։

Այսօր՝ սահմանադրական փոփոխությունների ընդունումից 10-ը տարի անց դարձյալ սահմանադրական բարեփոխումներ ենք նախաձեռնել՝ փորձելով  փոխել երկրի կառավարման ձևը՝ կիսանախագահականից անցում կատարելով  խորհրդարանականի:

Ոմանք  պնդում են՝  նման անհրաժեշտություն կա, բայց չկա հասարակական պահանջ, որովհետև չկա վստահություն բարեփոխումներ առաջարկողների նկատմամբ՝ իշխանությունը ժողովրդին պատկանելու սահմանադրական պահանջը մնացել է թղթի վրա, որոշները, թե վաղուց ժամանակն է վերջ դնել միահեծան իշխանությանը:

Մի առիթով դիտարկմանը, թե   բոլոր ժամանակներում  Սահմանադրությունը «կարվել» է տվյալ ժամանակաշրջանում իշխանությունը ղեկավարողի վրայով կամ հագով, Times.am-ի հետ զրույցում արդեն «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը նկատեց.

«Իհարկե, էդպիսի էլեմենտներ կան, բայց ինչքան էլ կարեն նախագահի վրայով, միևնույնն է միշտ վերջում ուրիշ բան է ստացվում: Բայց խնդիրը սրանում չէ, այլ այն, որ մենք չենք ունեցել և չունենք հայկական Սահմանադրություն, եղել է Արևմուտքի փորձ, թքել ու կպցրել ենք և դարձրել Սահմանադրություն, որտեղ գերակա են եղել Արևմուտքի բարքերը: Ժողովուրդը չի զգում՝ սա հայի՞ Սահմանադրություն է, թե՞ ոչ: Հայի Սահմանադրությունը պիտի իր մեջ պարունակի մեր պատմական, աշխարհագրական գլոբալ խնդիրները: Դա պիտի բխի հայի ինքնությունից, պատմությունից, օրինակ, ինչպես էր հին ժամանակներում այսպես ասած՝ օրենսդիր մարմինը ձևավորվում, երկրի ղեկավար ընտրվում: Այս ամենն արվում էր բաց քվեարկությամբ, Արևմուտքը ստեղծեց փակ քվեարկությունը: Սա իր հետ բերում է կեղծիքներ, ինչ է խանգարում, որ գրեն՝ Գիմիշյանը քվեարկել է կողմ կամ դեմ: Սա չկա և այսօր, եթե անունը փոխենք նախկին և գործող Սահմանադրությունը կարելի է շատ հանգիստ այլ երկրում կիրառել, կաշխատի: Սա մեկ օրինակ է, բայց բազմաթիվ խնդիրներ կան»:

Հակադարձմանը, թե չե՞ք կարծում, որ խնդիրը Գլխավոր օրենքը սիրուն գրելու մեջ չէ, այլ՝ այն կիրառելու, ձեր ասած՝ արևմտյան Սահմանադրության մեջ ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց իրականում ժողովուրդը ոչ մի ազդեցություն էլ  չունի, Սոս Գիմիշյանն ասաց, որ իշխանությունը ժողովրդին կարելի է վերադարձնել հետկանչի ինստիտուտի ներդրմամբ:

Այստեղ հարկ է հիշեցնել, որ Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է համարվում 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես՝ Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված «Որոգայթ փառացը», որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։

«Որոգայթ փառացը» ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորչական գաղափարների վրա։ Հրատարակվել է Մադրասում, Շահամիր Շահամիրյանի որդի Հակոբի անունով, 1788-89-ին (թեև տիտղոսաթերթին նշված է 1773թ.)։

Գրքի առաջաբանում դատապարտվում են ֆեոդալական-միապետական կարգերը, շարադրվում թուրք-պարսկական տիրապետությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ բուրժուադեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։

Գրքի երկրորդ՝ հիմնական մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված), որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման կարգը, պետական մարմինների իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, կրթության, զինված ուժերի կազմակերպման հարցերը։

Նախագծով նախատեսվում էր հռչակել բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև, նրանց անձի, խոսքի, դավանանքի և գործունեության լիակատար ազատությունը։ Նախատեսվում էր գերագույն և օրենսդիր իշխանությունը վերապահել ընտրովի մարմնին (պառլամենտին)՝ Հայոց տանը, որն էլ պետք է կազմավորեր գործադիր իշխանությունը՝ Նախարարությունը։ Վերջինս պետք է բաղկացած լիներ նախարարից (նախագահ) և 12 տեղակալներից։ Նախարարը պետք է համարվեր նաև երկրի արտաքին գործերի պատասխանատուն և զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Կառավարությունը լինելու էր Հայոց տան վերահսկողության ներքո, որն էլ իրավունք պետք է ունենար փոխելու կառավարությունը։

Քաղաքական նկատառումներից ելնելով՝ նախագծում առաջարկվում էր նախարար ընտրելու մեկ այլ՝ բացառիկ տարբերակ. հին հայկական արքայատների, մասնավորապես՝ Բագրատունիների շառավիղներից մեկն իր ցանկությամբ կարող էր ընտրվել ցմահ նախարար, եթե հավատարիմ ու հնազանդ մնար Հայոց տան սահմանած օրենքներին։

Այս առաջարկի նպատակն էր շահագրգռել վրաց Բագրատունի թագավոր Հերակլ 2-րդին, որին Մադրասի խմբակը կարևոր դեր էր վերագրում Հայաստանի ազատագրման գործում։

Նախագծով առաջարկվում էր նաև դատական համակարգի կառուցվածքը և իրավասությունը, նախատեսվում էր եկեղեցու առանձնացումը պետությունից, դպրոցի առանձնացումը եկեղեցուց։ Նախատեսվում էր պարտադիր կրթություն՝ առանց սեռի տարբերության։

Նախատեսվում էին նաև հանրապետության զինված ուժերի մասին դրույթներ, համաձայն որոնց՝ մշտական 90 հազարանոց բանակը պետք է համալրվեր վիճակահանությամբ (100 տղամարդուց 5-ը, ռազմական ուսուցումն ու ծառայությունը՝ 7 տարի)։

Այդուհանդերձ, ինչպես 17-18-րդ դարում նախաձեռնված՝ Հայաստանի ազատագրության մի շարք փորձերը, այնպես էլ Մադրասի խմբակի ծրագիրը մնաց անկատար, իսկ «Որոգայթ փառացը»՝ թղթի վրա, ինչպես 1991-ին անկախացած  Հայաստանի Մայր օրենքի «Բոլորը հավասար են օրենքի առջև» պատգամն այս 20 տարիներին, սա է  պատճառը, որ Սահմանադրության օրը, որպես տոն չի  ընկալվում.

«Դա առաջին հերթին հասարակական համաձայնության ակտ է, ինչը ՀՀ-ում որևէ անգամ տեղի չի ունեցել»,- մի առիթով նկատեց «Իրավունքի գերակայություն» հ/կ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում