Կառավարությունը կոռուպցիոն պատկերի պատասխանատուն է, բայց այն բացառապես պետական երևույթ չէ. Քննարկում (ֆոտո)

Կառավարությունը կոռուպցիոն պատկերի պատասխանատուն է,  բայց  այն բացառապես պետական երևույթ չէ. Քննարկում (ֆոտո)

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության` Հայաստանին, Վրաստանին,  Ադրբեջանին, Մոլդովային և Ուկրաինային վերաբերող նոր զեկույցը փաստում է` կոռուպցիայի դեմ պայքարում առաջխաղացման պակասը վնասում է ժողովրդավարական գործընթացներին ու վտանգի տակ է դնում Եվրամիության հետ տնտեսական և քաղաքական համագործակցության  հեռանկարը։ Փոքր-ինչ վաղ հրապարակված  մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տարեկան զեկույցում  նշվել էր, որ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում ամենամեծ խնդիրը 2Օ14 թվականին եղել է սիստեմատիկ կոռուպցիան ու կառավարությունում թափանցիկության պակասը, արդարադատության համակարգի սահմանափակ անկախությունը եւ իրենց կառավարությունը փոխելու քաղաքացիներին ընձեռնված հնարավորությունների պակասը»:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ ՀՀ արդարադատության  նախարարության Ծաղկաձորում հրավիրած երկօրյա սեմինար-քննարկմանը  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ակնարկեց, որ թեպետ երկրում կոռուպցիոն իրավիճակի համար պատասխանատու է  համարվում Կառավարությունը, բայց  այն բացառապես պետական երևույթ չէ, քանի որ կոռուպցիա կա նաև մասնավոր ընկերություններում, ավելին՝ դրան իր չափով մասնակից է կամ նպաստում է շարքային քաղաքացին. մենք չենք պայքարում մեր իրավունքների համար և  գերադասում հարցը լուծել «մաղարիչի» միջոցով, այլ կերպ ասած՝ հանդուրժող ենք կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ: Իսկ  կոռուպցիան միայն կաշառք տալը կամ վերցնելը չէ, այլ  աշխատանքի տեղավորման գործում մեր ծանոթ-բարեկամներին  նախապատվություն  տալը, ինչ-ինչ «արժանիքների» համար պարգևատրումները  և  այն:

Չնայած որ Անկախ ՀՀ-ի պատմության մեջ չենք ունեցել բարձրագույն իշխանության ներկայացուցչի պատժման ակնառու դեպք, ինչպես եվրոպական երկրներում,  հարևան Վրաստանում,  արդարադատության փոխնախարարը հաշվի առնելով  կոռուպցիայի դեմ  պայքարում  առողջապահության, կրթության,  ճանապարհային ոստիկանության գործունեությանն առչնվող  ոլորտներում  գրանցած որոշակի հաջողությունները,  լավատես և վստահ է, որ ԶԼՄ-ի և  քաղաքացիական սեկտորի ակտիվ մասնակցությամբ հնարավոր է ավելիին հասնել, հատկապես երբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում  տեղ է հատկացված ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Սուրեն Քրմոյանը հայտնեց, որ քաղաքական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստանն» է համաձայնել ընդգրկվել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, իսկ մյուսները մերժել են: Անվստահություն և թերահավատություն են հայտնել նաև հասարակական սեկտորից, ինչը Քրմոյանը չի ողջունում. անկախ ամեն ինչից պետք է մասնակիցը դառնալ և կառավարության անդամներին խորհրդում չթողնել մենակ՝ առանց քննադատության ու վերահսկողության: Հավելենք, որ Կոռուպցիայի դեմ պայքարի  խորհրդի կազմում են ՝
 
Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
 
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
 
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
 
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
 
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
 
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)
 
Հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
 
Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
 
Քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ):

«Մեկին կփոխենք, մյուսը կգա և կդառնա այդ համակարգի բաղադրիչը»,- քննարկմանն ավելի ուշ նկատեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես  Մանուկյանն՝ առաջ քաշելով  կոռուպցիայի դեմ պայքարում համակարգային և արժեհամակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ միայն իշխանական հատվածը չէ այս առումով ախտահարված:

Քննարկմանը վստահեցվեց, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին կտրվի նոր գործիքներ, քանի որ հաճախ դե յուրե  պաշտոնյան չունի  բիզնեսներ, բայց  դե ֆակտո նրան  բիզնես ընկերություններ և ճյուղեր են վերագրվում, իսկ  հանձնաժողովի «ձեռքերն այդքան երկար չեն»: Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիմնական գործառույթներն են` բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, դրանց վերլուծությունը և հրապարակումը, ինչպես նաև, օրենքով սահմանված դեպքերում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում