Ազնիվ ձգտումներով ընդառաջ են գնում ընդդիմությանը

Ազնիվ ձգտումներով ընդառաջ են գնում ընդդիմությանը

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ակնարկեց, թե իշխանությունը Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով՝ ընդառաջ է գնում ընդդիմությանը:

«Պահանջում էին, որ անպայման լինի 100 տոկոս համամասնական ընտրակարգ: Մենք էլ քննարկեցինք, որ եթե խնդիրը դրա մեջ է, ապա այս պահին կարելի է անցնել  նաև խորհրդարանական կառավարման ձևի: Երկրորդ՝ ընդդիմությունն ասում էր, որ իրենց  ամրագրված  ԱԺ պաշտոններ տանք: Սրանից առավել մենք ինչ պետք է անենք, որ մեր ընդդիմադիրները մի փոքր վստահություն ունենան: Մեր ձգտումներն ազնիվ են»,- շեշտեց Սահակյանը՝ հիշեցնելով  «Հանրաքվեի մասին» նորացված օրենքով  սահմանված հավասար  պայմանները:

Այս համատեքստում  ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ եթե առաջին փուլում քաղաքական ուժերը հավաքեն իքս  ձայն, անկախ նրանից՝ կանցնեն երկրորդ փուլ, թե չեն անցնի, կունենան իրենց պատգամավորները: Ավելին, մնացած 101 պատգամավորը պետք է հաշվի նստեն  այդ 5-10 պատգամավոր ունեցող քաղաքական ուժերի հետ: Ասել կուզի՝ եթե մայր օրենքը չբարեփոխենք,  ժողովրդավարական առումով ՀՀ-ի վիճակը վատ կլինի:

Թե որքանով է այս բարեփոխումը հասարակության պահանջը, Սահակյանը տեղեկացրեց, թե  Լոռու մարզում իրականացված հարցումները ցույց են տվել, որ այսօր հասարակության միակ պահանջը նոր Սահմանադրության նախագծին ծանոթանալն է, որից հետո կորոշի՝ պե՞տք է դա, թե՞ ոչ:

ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցնում է՝ Սահմանադրությունը ՀՀԿ-ն չի ընդունելու, այլ ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով: Այսինքն՝ չի կեղծվելու:

Այստեղ իշխանության ներկայացուցչին հիշեցրեցին, որ կան առավել կարևոր և մտահոգիչ խնդիրներ, չավարտված պատերազմ, աշխարհաքաղաքական  զարգացումներ, որոնք ՀՀ-ի վրա չեն կարող չազդել, իսկ  մենք «սարի սմբուլ» ենք խաղում, Սահակյանն արձագանքեց. «Ամբողջ աշխարհը խնդիրների մեջ է: Մենք շրջափակման մեջ ենք, ի՞նչ անենք, ռազմական դրություն հայտարարենք, ասենք ոչ մի օրենք չե՞նք փոխում»: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում