Իրանը դեռ ունի ԼՂ հարցի կարգավորմանն ուղղակի մասնակցելու ցանկություն, իսկ օտար ուժերի տեղակայումը հակամարտող կողմերի որոշելիքն է

Իրանը դեռ ունի ԼՂ հարցի կարգավորմանն ուղղակի մասնակցելու ցանկություն, իսկ օտար ուժերի տեղակայումը հակամարտող կողմերի որոշելիքն է

«Դեռ պետք է վերադարձնենք արտասահմանյան բանկերում իրանական գումարները, որից հետո միայն կկարողանանք իրականացնել հաստատված ծրագրերը»,-Times.amի  հետ զրույցում  ասաց ՀՀ-ում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ խոսելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստան-Իրան էներգետիկ ծրագրերի ճակատագրից: Դեսպանն այսօր ներկա էր «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագրի շնորհանդեսին:

-Երկու մեծ ծրագիր ունենք՝  Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և Մեղրիի ՀԷԿ-ի շինարարություն: Իհարկե,  Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը նաև: Այո, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը դադարեցվեց  Իրանի նկատմամբ սանկցիաների ուժեղացման պատճառով: Հուսով ենք, որ մեր գումարները վերադարձնելուց  հետո կանցնենք այդ գործին: Արդեն քանի տարի է հուշագիրը կնքվել է, բայց նյութական դժվարությունների պատճառով չենք կարողացել իրականացնել ծրագիրը: Հուսով եմ, որ շուտով կկարողանանք սկսել շինարարությունը:

-ԵԱՏՄ-ին  ՀՀ-ի անդամակցումից Իրանն ի՞նչ սպասելիքներ ունի:

-Հարևանների հետ տնտեսական կապերի զարգացումը մեր առաջնահերթություններից է: Վստահ ենք, որ մեր լավ հարևան Հայաստանի միջոցով լավ հարաբերություններ կունենանք ԵԱՏՄ-ի հետ:

Դուք մեկ անգամ չէ, որ  հայտարարել եք, թե  Իրանը դեմ է տարածաշրջանում  օտար ուժերի տեղակայմանն՝ ակնարկելով, որ դա կվտանգի ամբողջ տարածաշրջանը: Մինչդեռ վերջին օրերին ակտիվացել են  ԼՂՀ խաղաղապահ ուժեր մտցնելու առաջարկ-հայտարարությունները:

-Մենք գտնում ենք, որ հակամարտող կողմերն իրենք պիտի իրար հետ համաձայնությամբ լուծեն այդ խնդիրները և  ոչ մի օտարի ներկայություն, միջամտություն այս հարցում չի կարող լինել: Իրանը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը միայն բանակցությունների միջոցով պիտի լուծվի՝ հիմնված միջազգային սկզբունքների վրա:

-Իրանը դեռ ունի՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ուղղակի մասնակցության ցանկություն:

-Այո, եթե առաջարկ լինի: Իրանի շրջակա երկրների անկայությունը սպառնալիք կարող է լինել հենց իր համար:

-«Իսլամական պետության» գոյությունն ու գործողությունները վտանգավոր են նաև Հարավային Կովկասի համար, ինչպե՞ս է Իրանը փորձում այստեղից եկող սպառնալիքից զերծ պահել իրեն և տարածաշրջանը:

-Մեր նախագահը դեռ  երեք տարի առաջ ՄԱԿ-ում զգուշացրեց աշխարհին, որ ծայրահեղականների դեմ  պետք է քայլեր ձեռնարկել, բայց  ուշադրություն չդարձրեցին, նույնիսկ շատ երկրներ հովանավորեցին, որի հետևանքները տեսնում ենք: Այո, ցավոք, մեծ երկրների մեղքով նրանց  գործողություններն ավելի ուժեղացան: Մասնավորապես, Սիրիայում օգնեցին, որպեսզի հեռացնեն  Բաշար Ասադին, իսկ  հիմա ցավ են ապրում և չգիտեն, թե ինչ են անելու: Հիմա աշխարհը սկսել է հասկանալ, որ ԻՊ-ը վտանգ է ոչ միայն Մերձավոր Արևելքի համար, այլ՝ ամբողջ աշխարհի: Մի բան պետք է բոլորը լավ հասկանան՝ երկրի ներսում առկա  դժվարությունը ներսի մարդը պիտի լուծի, օտարի  միջամտությունը չի կարող օգնել ոչ մի ձևով:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում