Մարզերի տնտեսական զարգացման մեթոդաբանությունը կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը

Մարզերի տնտեսական զարգացման մեթոդաբանությունը կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ մեթոդաբանության առկայությունը կնպաստի մարզերում ներդրումների ներգրավմանը և նոր ծրա գրերի իրականացմանը:

Հիմնավորման համաձայն՝ տնտեսության զարգացման ներկա փուլում տարածաշրջանային քաղաքականության կարևորագույն խնդիր է համարվում ՀՀ մարզերի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների մեղմացումը, որի լուծման հիմնական ուղղություններից մեկը տարածքային միավորների (մարզերի և համայնքների) տնտեսական զարգացման ներուժի արդյունավետ օգտագործումն է:

Սույն մեթոդաբանության հիմնական նպատակն է բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան նրանց տնտեսական զարգացման մակարդակը, և երկրում իրականացվող ծրագրերը դարձնել հասցեական ու իրականացնել այն մարզերում, որոնց տնտեսական զարգացման ներուժի վարկանիշն ավելի բարձր է, քան տնտեսական զարգացման մակարդակը:

«Առկա է համապատասխան գործիքակազմ, որի միջոցով հնարավոր է ոչ միայն գնահատել աղքատությունը, այլ նաև վեր հանել այն խնդիրները, որոնցով պայմանավորված տվյալ համայնքը հանդիսանում է աղքատ: Նշվածը հնարավորություն է տալիս իրականացնելու աղքատության մակարդակը կրճատող նպատակային ծրագրեր»,- ասված է հիմնավորման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում