«Լյուբավան» ՀՀ-ի գործընկերն է և Ադրբեջանի հետ չի համագործակցի. Ի՞նչ խոշոր պատվեր է տվել ՀՀ ՊՆ-ն «Լյուբավա-Արմենիա»-ին (ֆոտո, տեսանյութ)

«Լյուբավան» ՀՀ-ի գործընկերն է և Ադրբեջանի հետ չի համագործակցի. Ի՞նչ խոշոր պատվեր է տվել ՀՀ ՊՆ-ն «Լյուբավա-Արմենիա»-ին (ֆոտո, տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական ձեռնարկությանը  քողարկիչ  ծածկոցներ է պատվիրել՝  հակառակորդի ջերմատեսիլ, օպտիկական և ռադարային սարքերի համար անտեսանելի  դարձնելու   մարդուն, զինտեխնիկան  և  վրանները: Ծածկոցները  2 և 3 D ծածկույթով  են:

Ներկայացվածն ապահովում է արդյունավետ տեսողական քողարկում  25 մ-ից, իսկ գիշերային տեսողական  սարքերից՝  20 մ-ից:

/disc/24-07-15/e10cbae0f475c2119e70da0412a9647a.jpg        /disc/24-07-15/79ca93af4f166b55dd4344d6284a8392.jpg   /disc/24-07-15/0c186b358c27b40114b7d8edabc4bb12.jpg

«Մենք տիրապետում ենք աշխարհում ամենաժամանակակից տեխնոլոգիաներից մեկին: Այսօր մարտադաշտում օգտագործվում են տարբեր սարքեր՝ ջերմադիտարկուն  և այլն, իսկ այս  քողարկիչ ծածկերն օգնում են անտեսանելի մնալ: Սա ՀՀ պաշտպանության նախարարության երկրորդ խոշոր պատվերն է, առաջինը ձեռնարկության բացվելուց անմիջապես հետո էր: Լեհական արտադրության նման քողարկիչ ծածկոցներ մենք մատակարարում ենք նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակներին»,-ասում է ձեռնարկության գործադիր տնօրեն Յարոսլավ Ռուխը և շարունակում ներկայացնել ձեռնարկության ռազմական նշանակության արտադրանքը:

 

             Հետախույզի ձմեռային քողարկման հանդերձանք

       /disc/24-07-15/bdd0a309e933ebab9d40ca157f14006f.jpg   /disc/24-07-15/eafb3e6b5d29b15916c888a0feac7bc7.jpg                                                   

Անտեսանելի է դարձնում  մարդուն ձյան վրա անգամ ջերմատեսիլ սարքերից, ապահովում է նաև հակառադարային հասանելի պաշտպանություն: Արդյունավետ  տեսողական քողարկում 25 մ-ից, գիշերային տեսողական համակարգից՝ 20 մ-ից: Հանդերձանքն ունի 2 և 3 D տարբերակներ: 

      /disc/24-07-15/1534459a2e4a2a9d8a636e12dc7392c2.jpg                 /disc/24-07-15/604ca7275b3ca1351c13f2caab869158.jpg                       /disc/24-07-15/878cb657cb497e3172ef344d56a45220.jpg

Պակաս կարևոր չէ նաև հետախույզի ուսապարկը՝ նախատեսված  երկար  տակտիկական գործողությունների ժամանակ սարքավորումներ կրելու համար, որը լեհ հետախույզները պետք է փակ աչքերով կարողանան դասավորել:

Ձեռնարկությունում արտադրվում են նաև պաշտպանողական տարբեր կարողությունների զրահաբաճկոններ: Մասնավորապես՝ պաշտպանիչ զրահապատ բաճկոն, որը նախատեսված է զինված համազգեստավորման կազմավորումների և MOLLE/PALS համակարգ պարագաները և պարկը կցելու համար: Բաճկոնին հնարավոր է կցել նաև  լրացուցիչ  էլեմենտներ՝ վիզը, ուսը, փորը պաշպանելու համար: Կամ՝ PRO պաշտպան զրահաբաճկոն, որը ևս  նախատեսված է զինված կազմավորումների, ինչպես նաև  MOLLE/PALS մոդուլային համակարգ ֆունկցիոնալ պարկեր և մարտավարական սարքավորումները կրելու  համար: Փափուկ և ճկուն բալիստիկ ներդիրները K2 կարգի առավելագույն պաշտպանություն են ապահովում: Մեկ այլ՝ կրծքավանդակի պաշտպան CHR-3, որը նախատեսված է 2 բալիստիկ թիթեղ կրելու համար, օգտագործված նյութերի շնորհիվ ապահովում է երկար ողջ մնալու հավանականություն նույնիսկ ծայրահեղ պայմաններում:

   /disc/24-07-15/e8328b4cc1cfa28835a78b9fcad9f0d6.jpg     /disc/24-07-15/0cefeb67758febda81f3e6543eac5141.jpg  /disc/24-07-15/9892d00b98e83f71b8249a700624f0b6.jpg

Այստեղ  «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական ձեռնարկության գործադիր տնօրենը չի մոռանում  կերամիկական ներդիրով զրահաբաճկոնների մասին,  որոնք պաշտպանում են ՍՎԴ-ից և Կալաշնիկովից արձակված գնդակներից, ընդ որում՝ վերջինից մարմինի նույն հատվածում 6 խոցման դեպքում:

Ռազմական նշանակության արտադրանքի  շարքում առանձնահատուկ  դեր ունեն նաև կեղծ թիրախները. րոպեների  ընթացքում կառուցվող տանկը կարող է խուճապ առաջացնել հակառակորդի մոտ և մոլորեցնել նրան՝ սխալ պատկերացում  տալով տեղակայված ուժերի թվաքանակի վերաբերյալ:

     /disc/24-07-15/28f613020dce68b86b8a637ea9023614.jpg   /disc/24-07-15/318ce286223f9161bb65dec22fb32aa3.jpg

«Լյուբավա-Արմենիա»-ի պատվիրատուներից է նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը. արտադրվում են մեկ րոպեում բացվող փրկարարական վրաններ,  որոնք կարող են ծառայել որպես դաշտային հոսպիտալ: Հիմքի կառուցվածքը օդաճնշական շրջանակի վրա է:

    /disc/24-07-15/a8b466116906593637dbe45ed0bfa5af.jpg  /disc/24-07-15/41acd210c7e0d4a0d0452cecb65aa37d.jpg

«ԱԻՆ-ից պատվերներ ունեն և հարևան Վրաստանից, ավելին՝  խոշոր գործարք է նախապատրաստվում  մեկ այլ երկրի հետ»,-տեղեկացնում է ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը` հավելելով, որ պատվերների ավելացմանը զուգահեռ յուրաքանչյուր տարի ձեռնարկության աշխատողների թիվը 25-ով ավելացվում է. «Յուրաքանչյուր արտադրամասի ծանրաբեռնումից հետո սկսում են նման կարգի այլ արտադրամաս բացել: Այս պահին  աշխատանքներ են տարվում և հաջորդ մեր արտադրամասը կլինի զրահապատ թիթեղների արտադրության: Վստահ ենք, որ մինչև տարեվերջ այս արտադրամասը 70 տոկոս ծանրաբեռնվածություն կունենա: Հենց մեկ ուրիշը ծանրաբեռնեցինք, լեհական կողմը կանցնի մի նոր արտադրամասի կառուցմանն ըստ պայմանագրի: Սահմանափակում չկա»: 

Մեկ  կարևոր սկզբունք, որ պահպանում է «Լյուբավան», այն է՝ լինելով  ՀՀ-ի գործընկերը, չի համագործակցում  Ադրբեջանի հետ և մեր հակառակորդն իրեն  անհրաժեշտ արտադրանք ձեռք է բերում  լեհական այլ ընկերություններից:

            «Լյուբավա-Արմենիա»-ի ստեղծման պատմությունը

«Լյուբավա-Արմենիա»-ն («Lubawa Armenia») ստեղծվել է 2013-ի մարտի 27-ին լեհական Lubawa ընկերության և «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրով:  «Լյուբավա-Արմենիա»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է լեհական կողմին, 49 տոկոսը՝ հայկական: 2013-ի ապրիլի 30-ին հայ-լեհական ընկերության հիմնադիրներից «Lubawa» ընկերությունը ներկայացրել է իր արտադրանքը Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներին: Արտադրանքի մեջ եղել են քողարկման ցանցեր, վրաններ և պաշտպանության միջոցներ: Իսկ արդեն 2013-ի դեկտեմբերին հայ-լեհական ընկերությունն իր առաջին պայմանագիրն է կնքել ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել էր Հայաստանի զինված ուժերին տրամադրել քողարկման ցանցերի 80 համալիր՝ յուրաքանչյուրում 6×3քմ մակերեսով 12 ցանցեր: Պայմանագիրն արժեցել է շուրջ 1 մլն ամերիկյան դոլար:

2014 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն Հայաստանը՝ շուրջ 406,65 մլն դրամի ներդրում է անելու հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում՝ ակնկալելով լեհական կողմի համապատասխանաբար շուրջ 10 մլն ամերիկյան դոլարի ներդրումներ:

Որոշման համաձայն՝ ՀՀ ՊՆ-ն՝ որպես «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության 80 տոկոս բաժնեմասի կառավարիչ, գործարանի 406,65 մլն դրամի գույք (վարչական, արտադրական մասնաշենքեր և հարակից հողատարածքներ) անհատույց փոխանցելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Գույքը կապիտալի տեսքով ներդրվելու է հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում, որի հաշվին կիրականացվեն արտադրությունը նախապատրաստելու և կազմակերպելու միջոցառումներ: 

Հայկական կողմի ներդրման դիմաց լեհական կողմը պայմանագրով  ստանձնում է տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման, տեխնոլոգիայի ձեռքբերման, կադրերի պատրաստման, արտադրության կազմակերպման և շինարարական աշխատանքների կազմակերպման պարտավորություն՝ կատարելով մոտ 8 մլն.-ի ներդրում:

2013-ի օգոստոսից մինչ օրս լեհական կողմը շինարարական աշխատանքների, մասնավորապես՝ նոր մասնաշենքի կառուցման համար արդեն ներդրել է մոտ 2 մլն ամերիկյան դոլար:

«Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական ձեռնարկության պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014-ի հոկտեմբերի 16-ին:

Հավելենք, որ «Լյուբավա» ընկերությունը գործում է 1951 թվականից: 1996թ. վերածվել է բաց բաժնետիրական ընկերության: Այլ ընկերությունների հետ միավորվելու արդյունքում կազմավորվել է «Լյուբավա» արդյունաբերական խումբը: Ներկայումս այդ կառույցի մեջ մտնում են չորս ընկերություններ, որոնք զբաղվում են ինչպես ռազմական, այնպես ել քաղաքացիական արտադրանքի թողարկումով:

Այդ չորս ընկերություններն են՝

-«Լյուբավա ՍԱ» (վրաններ, հատուկ և մասնագիտացված հագուստ, զրահաբաճկոններ, սաղավարտներ և այլն)

-«Միրանդա» (տեքստիլ արտադրանք, քողարկող ցանցեր և հագուստ, վրաններ)

-«Լիտեքս Պրոմո» (արտաքին գովազդային պարագաներ, սպորտային պարագաներ և այլն)

-«Էֆեկտ Սիստեմ» (բարձրորակ ժամանակակից տպագրություն տարբեր մակերեսների, այդ թվում՝ նաև տեքստիլի վրա):

«Լյուբավա» արդյունաբերական խումբն ունի ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների որակի բոլոր անհրաժեշտ հավաստագրերը: 

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում