Ջավախքի Կարցախ գյուղի հիմնախնդիրները

Ջավախքի  Կարցախ գյուղի հիմնախնդիրները

Ջավախքը, գտնվելով Վրաստանի հարավում սահմանակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ: Այստեղ խնդիրներն այնքան շատ են և բազմազան, որ յուրաքանչյուրը մանրամասն անդրադարձ է պահանջում: Միևնույն ժամանակ խնդիրները գրեթե նույնն են բոլոր գյուղերում և քաղաքներում:

Թուրքիայի հետ սահմանին է գտնվում Կարցախ գյուղը, որի տարածքով է անցնում նաև նշանավոր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Երկաթուղու հետ կապված խոստումները մեծ են եղել, գյուղացիները սպասելիքները ևս, սակայն իրականում այն գրեթե ոչինիչ չի փոխել Արդահանին սահմանակից այդ գյուղում:

Գյուղացիներից որոշներն աշխատել են այդ երկաթուղու վրա, սակայն մեծ դժվարությամբ են կարողացել ստանալ իրենց գումարները, իսկ գյուղում կային նաև մարդիկ, որոնք դեռևս սպասում էին իրենց հերթին: Երկաթուղին նաև դարձել է որոշ կարծախցիների` իրենց տներից հեռանալու պատճառը: Ընդհանուր առմամբ գյուղացիներն այնքան էլ գոհ չեն այն փոխահատուցումից, որը տրվել է իրենց: Իրենց տներից դուրս եկած ընտանիքների թիվը երեքն էր, որոնցից միայն մեկն էր մշտական բնակություն հաստատել Կարցախում: Բնակչուհին նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ են փոխհատուցումից, սակայն, անկեղծանալով ասաց, որ իրենց սպասելիքները չեն արդարացել: Վերջինս ասաց, որ սկզբում խոստացել էին և գումարային փոխհատուցում, և բնակարան Ախալքալակի նախկին ռուսական բազայի տարածքում գտնվող բնակարաններից մեկում, սակայն գրավոր որևէ պայմանավորվածություն չեն ունեցել: Ընտանիքներից մեկը, որի բնակարանի մակերևույթը փոքր է եղել, ստացել է 27000 դոլարի չափով գումար, իսկ մյուս երկուսը` մոտ 48000 դոլար գումար:

Կարցախում, ինպես Ախալքալակի շրջանի մի շարք գյուղերում, չկա ջրամատակարարման համակարգ, մարդիկ մինչ այժմ էշերով են ջուրը տանում տուն: Գազաֆիկացումն այստեղ շքեղություն է, բավարարվում են միայն կայուն էլեկտրաէներգիայի առկայությամբ:
Գյուղում չկան աշխատատեղեր և երիտասարդության հիմնական հոսքը գնում է Ռուսաաստան` զբաղվելու արտագնա աշխատանքով: Ցավալիորեն, պետք է նշել, որ երիտասարդների մեծ մասը հետագայում չի վերադառնում հայրենի տուն:
Կարցախում բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Զարմանալի է, սակայն փաստ, որ այս դարում մարդիկ դեռևս առևտուր են կատարում , ինպես որ 21 դար առաջ:

Գյուղացիների հետ զրույցում պարզվեց, որ գումարի բացակայության պայմաններում, նրանք միմյանց մեջ փոխանակում են մթերքները, օրինակ` մեկ կգ պանիրը` մեկ կգ լոլիկով: Այդ կերպ փորձում են հոգալ իրենց մինիմալ կարիքները: Սակայն նույնիսկ նման պայմաններով այս փութաջան մարդիկ չեն տրտնջում և պատրաստ են աշխատել, բայց նույնիսկ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար Կարցախում խոչընդոտներ են առաջանում:

Պատճառը Ջավախքում հիմնված ազգային պարկն է: Այսպես, դեռևս 2011թ-ին, Վրաստանի իշխանությունները հաստատեցին Ջավախքի համապատասխան շրջանում հատուկ պահապանության գոտի ստեղծելու մասին: Այդ գոտու մեջ ներառված է Ջավախքի ազգային պարկը, Կարծախի և Սուլդիի, Բուխդաշենի և Մադաթալիի մի մասը: Ծրագրի ընդունման ժամանակ նշվում էր, որ այդ կերպ ծրագիրն ապագայում կդառնա ֆինանասական հոսքեր բերելու լուրջ աղբյուր և զարկ կտա զբոսաշրջությունա զարգացմանը:

«Պահպանելով բնությունը` Վրաստանի կառավարությունը հույս ունի զարգացնել զոբսաշրջությունը, որն էլ իր հերթին կնպաստի զարգացնել նշված շրջանները», – հավաստիացնում էին նախագծի հեղինակները:

Սակայն տեղի գյուղացիները հավաստմամբ այդ ծարգրից ևս իրենց ոչ մի օգուտ չկա, այլ ընդհակառակը խոչընդոտում է իրենց գյուղացիական տնտեսության զարգացմանը:

Կարցախցիները կարծում են, որ այս տարածքում չկա յուրահատուկ որևէ բույս կամ կենդանի, որը պաշտպանության կարիք ունի: Փոխարենը, գյուղին պատկանող հսկայական տարածքները մտցնելով զբոսաշրջության զարգացման համար նախատեսված գոտու մեջ, իրենք չեն կարողանում օգտվել դրանցից: Գյուղացիները փաստացի զրկվել են հողից և տարածք չունեն ոչ անասնապահությամբ և ոչ էլ հողագործությամբ զբաղվելու համար, ինչն էլ իր հերթին է նպաստում գյուղի հայաթափմանը:

Մեկ այլ խնդիր է Կարcախի տարածքում գտնվող փոքրիկ լիճը, որտեղ թույլատրում են ձկնորսությամբ զբաղվել միայն կարթերի, այլ ոչ թե ուռկանների միջոցով: Գյուղացիները փաստում են, որ իրենցից շատերը ժամանակին լճում զբաղվել են ձկնաբուծությամբ և դա էլ եղել է իրենց եկամտի հիմնական աղբյուրը: Հիմա իշխանությունները թույլ չեն տալիս օգտվել իրենց իսկ բուծած ձկներից: Ընդ որում` լճի մի մասն էլ գտնվում է Թուրքիայի տարածքում և այն կողմի ձկնորսները ուռկաններով որսում են կարցախցիների բազմացրած ձկները:

Տեղի բնակչությունն այս ամենի մեջ դիտավորություն է տեսնում: Նրանք կարծում են, որ այս կերպ փորձում են արագացնել գյուղի բնակչության արտագաղթը, որպեսզի հետագայում կարողանան այդ տարածքներում մեծ գումարներ ներդնել և նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Գյուղացիները ներկայացնում են իրենց տեսակետը, իսկ իշխանությունները պետական դիրքորոշումը, սակայն հարկ է արձանագրել փաստը, որ Ջավախքի գյուղերը հայաթափվում են և ոչ հեռու ապագայում մեծ է վտանգը, որ տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը կփոխվի ոչ հօգուտ հայերի:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում