Վլադիմիր Գասպարյանը Սանկտ Պետերբուրգում նախագահել է Միավորված կոլեգիայի նիստը (ֆոտո, տեսանյութ)

Վլադիմիր Գասպարյանը Սանկտ Պետերբուրգում նախագահել է Միավորված կոլեգիայի նիստը  (ֆոտո, տեսանյութ)

Հուլիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում աշխատանքն սկսեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Երևանից ժամանել էր Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը:

Նիստին մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ու Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունից, ինչպես և երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր:

Օրակարգում «Մարդկանց առևտրի հակազդման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին», «Տեղեկատվության փոխանակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության վիճակի մասին» և «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի 2016 թվականի աշխատանքի պլանի մասին» հարցերն էին:

Միավորված կոլեգիայի նիստի բացման խոսքում Վլադիմիր Գասպարյանն ու Վլադիմիր Կոլոկոլցևն անդրադարձան հանցավորության դեմ պայքարում երկու երկրների ավանդական համագործակցությանը, վերջին տարիներին բոլոր ուղղություններով արդյունավետ զարգացող գործընկերային հարաբերություններին, ինչպես և օրակարգի խնդիրներին:

Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Քննարկումների արդյունքներով բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում