Վարչապետը գործարար հատվածին կոչ է անում մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներին

Վարչապետը գործարար հատվածին կոչ է անում մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներին

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարում գործարար ոլորտի հետ ակտիվ համագործակցությունը, ինչը, ըստ վարչապետի, ներկայում բաց է թողնված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին վարչապետը նշեց կառավարությունում տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում:

 «Նիստի ընթացքում խոսեցինք պետության և հասարակության գործունեության տարբեր ոլորտներում կոռուպցիայի բացասական դերի մասին։ Նշվեց, որ հսկայական է կոռուպցիայի բացասական ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման, տնտեսական ներդրումների իրականացման վրա։ Մեզ համար՝ ի նկատի ունեմ կառավարությունը, երկրի տնտեսական կայուն զարգացումն ապահովելը օրակարգային խնդիր է։ Այս տեսանկյունից, կարևորում եմ կոռուպցիայի դեմ պայքարում գործարար ոլորտի հետ ակտիվ համագործակցության իրականացումը, ինչը կարծես բաց ենք թողել։ Ես կցանկանամ, որ այս գործընթացին նաև գործարար աշխարհը մասնակցի, որը մեր կառավարությունը շատ է կարևորում: Իրենք են ապահովում մեր բյուջեի եկամուտները, որով մենք կարողանում ենք թոշակներ, նպաստներ, աշխատավարձ վճարել, նաև զինել բանակը»,- նկատեց վարչապետը:      

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ նման համագործակցությունն ապահովելու նպատակով նպատակահարմար է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության շրջանակներում ստեղծել համապատասխան հարթակ:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ կառավարության աշխատակազմին տարվա ընթացքում հանդիպումներ կազմակերպել գործարար ոլորտի ներկայացուցիչների՝ խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան բարձրացնելու կոռուպցիոն երևույթների հետ  կապված իրենց հուզող հարցերը, ներկայացնեն իրենց տեսակետները, իսկ կա ռավարությունը քննարկումների արդյունքում փորձի արդյունավետ լուծումներ գտնել։«Կարծում եմ, որ համագործակցության նման հարթակն արդյունավետ կլինի գործարար ոլորտի զարգացմանը խոչընդոտող կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և տնտեսության զարգացման համար»,- ասաց կառավարության ղեկավարը:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկված են և նիստի աշխատանքներին մասնակցում էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Թրանսափարենսի ինտերնեյշնլ» ՀԿ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի, ինչպես նաև այլ ՀԿ-ների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստին ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մասնակցում է միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Խորհուրդն օրակարգային առաջին հարցով քննարկեց և հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որը կընդգրկվի կառավարության առաջիկա նիստի օրակարգում, այն հաստատելու համար: Նոր ռազմավարությունը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում