Վրաստանի Մառնեուլի շրջանի հայկական Կարմիրգյուղի պերճանքն ու թշվառությունը

Վրաստանի Մառնեուլի շրջանի հայկական Կարմիրգյուղի պերճանքն ու թշվառությունը

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը մասնակցելու կապակցությամբ օրեր առաջ կրկին գտնվում էինք Վրաստանում: Այս տարի Վրաստանում տեղադրվել են տասներկուսից ավելի խաչքարեր, որին ավելացավ ևս մեկը Մառնեուլի շրջանի հայկական Կարմիրգյուղում: Հիշեցնենք, որ գյուղի բնակչությունն արմատներով Արևմտյան Հայաստանից է, գաղթել է 1900-ական թթ. սկզբներին: 2002 թ. պաշտոնական մարդահամարի տվյալներով Կարմիրգյուղի (գյուղը պաշտոնական քարտեզներում նշված է Ղըրմըզքենդ) ազգաբնակչության թիվը կազմում է 1072: Հարևան ադրբեջանաբնակ մի քանի գյուղերի հետ կազմելով մեկ գյուղական ժողով և արդյունքում ունենալով ընտրաձայների նվազ թիվ՝ և՛ շրջանային օրենսդիր ժողովում ընտրվող պատգամավորը, և՛ շրջանային գործադիր վարչության նշանակած գյուղական լիազորը ազգությամբ ադրբեջանցի են: Վրաստանի ՏԻՄ օրենքների այսպիսի կառուցվածքի արդյունքում Կարմիրգյուղը մշտապես զրկված է գյուղի հայազգի ղեկավարություն ունենալու հնարավորությունից, ինչն իր բացասական հետքն է թողնում գյուղի վրա: 

Խաչքարի բացման արարողությանը ներկա էին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու քահանաներ Տեր Սամվել Թորոսյանն ու Տեր Մանուկ Զեյնալյանը, Վրաստանի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, Վիրահայոց թեմի մամուլի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը, «Ջավախքին աջակցություն հիմնադրամի» գրասենյակի ղեկավար Սամվել Մկոյանը, Թիֆլիսի հայ համայնքի ակտիվիստ Վելիսոն Խաչատուրյանը, գյուղի բնակչությունն ու որոշ նախաձեռնողներ: Փաստենք, որ գերազանցապես ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանում նման նախաձեռնությունը խիստ բացասաբար են ընկալել և՛ ադրբեջանական շրջանակները, և վրացական ղեկավարությունը, որը, ինչպես հերթական անգամ պարզվեց, գործում է հարևան Ադրբեջանի քաղաքական և ֆինանսական ազդեցության ներքո: Ընդհանուր լարվածություն և շրջանի ղեկավարության ու ոստիկանության ճնշումներն այն աստիճանի են հասել, որ գյուղի ակտիվիստները խաչքարի բացմանը նախորդող ողջ գիշերը հսկել են խաչքարը՝ ադրբեջանական և տարբեր այլ ոտնձգություններից հուշարձանը զերծ պահելու համար: Վրացական ղեկավարության ձեռնարկած միջոցառումները բերեցին այն բանին, որ, դեռ Կարմիրգյուղ չհասած, ճանապարհի կեսից հետ վերադարձան Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը: Վերջիններիս անհամբեր սպասող գյուղի ազգաբնակչությունը ցավով ընդունեց այս փաստը: Վիրահայոց թեմի առաջնորդի բացն միջոցառմանն ինչ-որ կերպ լրացվեց քահանաների ներկայությամբ, իսկ ահա դեսպան Յու. Վարդանյանի յուրօրինակ «փախուստը» գյուղի ազգաբնակչության համար մնա որպես ցավալի հանելուկ: Միջոցառման կազմակերպիչներից մեկն այդ առթիվ փաստեց հետևյալը. «մենք՝ հասարակ գյուղացիներս, այսքան դժվարությունների ու փակ դռների միջով անցնենք և ադրբեջանական ակնհայտ ագրեսիայի պայմաններում խաչքարը տեղադրենք, բացման միջոցառումն այսքան մեծ շուքով կազմակերպենք, իսկ դեսպանն անգամ չհամարձակվի՞ գալ, իրեն ո՞վ էր գնդակահարելու, ինչու՞ փախավ և մեզ մենակ ու սևերես թողեց ադրբեջանցիների առաջ: Մենք էլ պետք է ասենք՝ դեսպան ունենք, որը պաշտպանում է մեր ազգային շահե՞րը, անգամ չեմ կարող դառը ծիծաղել, այնքան ճնշող է այս վիճակը»:

Այդուհանդերձ, չնայած վերջին օրերին առաջացած արհեստական խոչընդոտներին ու դժվարություններին, գյուղացիների կազմակերպվածության ու համառ ջանքերի շնորհիվ մեծ շուքով տեղի ունեցավ խաչքարի բացումը, որն օծվեց Կոմիտասի «Կռունկի» ուղեկցությամբ:

«Գյուղի բնակիչները ցեղասպանությունից վերապրածների ժառանգներ են, սա իրենց պապերի հիշատակին նվիրված հուշակոթող է, որը մինչ օրս չկար, և շատ կարևոր էր հենց այս գյուղում խաչքար տեղադրելը: Այն Մառնեուլի շրջանում վերջին տարիներին տեղադրված առաջին խաչքարն է, որը շատ հետաքրքիր ազդանշան կարող է լինել մյուս գյուղերի համար»,- ասում է Վրաստանի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:
Վիրահայոց թեմի մամուլի պատասխանատու Ս. Խաչատրյանն էլ իր խոսքում անդրադարձավ Մեծ եղեռնին՝ մաղթելով, որ խաչքարը դառնա խորհրդանիշ և գյուղի բնակչությունը միշտ հիշի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՋԱՀ-ի գրասենյակի ղեկավար Սամվել Մկոյանը: Նա հիմնադրամի անունից ողջունեց այդ գեղեցիկ ու հայանպաստ քայլը և ասաց, որ կարևոր այդ քայլով տվյալ բնակչության և հատկապես նոր սերնդի մոտ մշտարթուն կմնա համազգային ցավը, նա նաև նշեց, որ խաչքարի բացումը հենց այդ գիտակցության արդյունքն է:

Խաչքարի բացումից հետո գյուղի փոքրիկների մասնակցությամբ ի հիշատակ Մեծ եղեռնի կատարվեց ծառատունկ: Վելիսոն Խաչատուրյանի խոսքերով՝ գյուղացիները նախապես որոշել էին, որ խաչքարը պիտի տեղադրվի գյուղի մատուռի մոտ, սակայն տարածքի սակավ լինելու պատճառով այն տեղադրվել է գյուղի գեղատեսիլ վայրերից մեկում:
Խաչքարի բացմանն իրենց նյութական և բարոյական աջակցությունն են ունեցել Ռուսաստանում աշխատող Կարմիր գյուղի բնակիչներ Էլոյան Գրիշան և Դավիթ Դավթյանը, ինչպես նաև շատ երիտասարդներ, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ծրագիրը կյանքի է կոչվել ակտիվիստ Վելիսոն Խաչատուրյանի նախաձեռնությամբ:

«Կարմիր գյուղը բոլոր կողմերից շրջափակված է ադրբեջանական գյուղերով, և խաչքարի բացումը կնպաստի, որ գյուղացիներս միշտ ամուր կպած լինենք մեր արմատներին, չօտարանանք հայկականությունից և չմոռանանք մեր սուրբ պատմությունը», – ասում է գյուղի բնակիչ Սերգեյ Միրզոյանը: Այս ու մի շարք այլ հանգամանքներից ելնելով նման միջոցառումն ու խաչքարի բացումը նշյալ տարածաշրջանի հայության կյանքում որակվեց որպես պատմական աննախադեպ իրադարձություն:

Մինչ խաչքարի բացումը գյուղի միակ մատուռում (այն բացվել է 2012թ.) քահանաների ձեռամբ տեղի ունեցավ համահավաք մկրտություն: Մկրտվեցին 21 գյուղացիներ՝ փոքր և միջին հասակի: «Մկրտվելով հոգեկան հանգստություն ես ձեռք բերում, հոգևոր սնունդ ստանում, իսկական քրիստոնյա դառնում, այսօր այդ հրաշալի առիթն ստեղծվեց ի ուրախություն մեզ, և մկրտվեցին մեզանից շատերը»,- ասում է նույն գյուղի հայկական դպրոցի ուսուցչուհիներից մեկը: Գյուղացիները հույս հայտնեցին, որ մկրտությունը պարբերական բնույթ կկրի և շուտով մկրտված կլինի գյուղի ողջ բնակչությունը:

Չնայած Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարության քաղաքականությամբ պայմանավորված շրջանում առկա լարվածությանը՝ հասարակ գյուղացիները աշխատում են խուսափել կնճռոտ հարցերից և ազգամիջյան լարվածություններից:

Քիշմիշ Ղազարյան
Կարմիրգյուղ-Երևան

Հետևեք մեզ նաև Telegram-ում