Հայաստանում և Վրաստանում գործազրկության մակարդակը բարձր է բուհն ավարտածների շրջանում. Հարցում

Հայաստանում և Վրաստանում  գործազրկության մակարդակը բարձր է բուհն ավարտածների շրջանում. Հարցում

Համաշխարհային բանկի պատվերով նախորդող երկու տարիներին ուսումնասիրություն է անցկացվել ցածր եկամուտ ունեցող պետություններում, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ մասնավորապես Հայաստանում և Վրաստանում աշխատանքային շուկաները տառապում են աշխատուժի հմտությունների պակասից: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կայքը, ուսումնասիրվել են խնդիրներ, թե ինչպես են մարդիկ գտնում աշխատանք, արդյոք վստահ են իրենց համապատասխան կարողությունների վրա և թե որքանով է կրթությունը նախապատրաստում աշխատանքին:

Համաշխարհային բանկը թե’ Հայաստանում, թե’ Վրաստանում շատ կարևոր խնդիր է համարում գործազրկության բարձր մակարդակը բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում:  Երկու երկրներում էլ բակալավրի աստիճան ունեցող հարցվածների կեսը չի աշխատում: Հատկանշական է այն, որ թե’ Հայաստանում, թե’ Վրաստանում բարձրագույն կրթություն ունեցողները կարծում են, որ չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, մյուս կողմից` գործատուներն են բողոքում, որ աշխատուժը չունի համապատասխան ունակություններ:

Երկու երկրներում էլ աշխատող մարդկանց մեծամասնությունը նշել է, որ աշխատանք գտել է իր սոցիալական կապերի` ընկերների, բարեկամների և այլոց միջոցով: Նման պատասխան Հայաստանում տվել է հարցվողների 37, իսկ Վրաստանում` 45 տոկոսը: Գործատուի հետ ուղղակիորեն կապ են հաստատել Հայաստանում 26, Վրաստանում 18 տոկոս հարցվողները: Սեփական բիզնեսն են սկսել Հայաստանում 11 տոկոսը, Վրաստանում` 10-ը: Հայաստանում հարցման ենթարկված աշխատող մարդկանց 11 տոկոսը պատասխանել է, որ գործատուն է գտել իրեն, իսկ Վրաստանում նման պատասխան է տվել 9 տոկոսը: Համացանցի միջոցով է աշխատանք գտել Հայաստանում 3, Վրաստանում` 4 տոկոսը:

Եվ աշխատողներին, և գործազուրկներին հարց է ուղղվել` արդյոք իրենք կարծում են, որ տիրապետում են տարբեր գիտելիքների և որակավորման, որոնք կարող էին օգնել նրանց աշխատանք փնտրելիս: Մասնավորապես, Հայաստանում հարցվողների 92, իսկ Վրաստանում 81 տոկոսը նշել են, որ ունեն հարցազրույցներին լավ ներկայանալու կարողություն: Հայաստանում հարցվողների 84, իսկ Վրաստանում 72 տոկոսն էլ ասել են, որ կարողանում են ճիշտ ռեզյումե պատրաստել: Աշխատանքային հայտարարություններ գտնելու կարողությունը ունի հարցման ենթարկված հայաստանաբնակների 79, իսկ վրացիների 76 տոկոսը:

Հարցվողների 76 տոկոսը Հայաստանում, իսկ 70 տոկոսը Վրաստանում նշել են, որ ունեն համապատասխան կրթություն և որակավորում, անհրաժեշտ աշխատանքային փորձ` 60-ը Հայաստանում, 58 տոկոսը` Վրաստանում:

Համաշխարհային բանկի STEP հմտությունների չափման ծրագիրը հավաքել է տեղեկատվություն մարդկանց կարողությունների արտադրման և բաշխման, ինչպես նաև այս կարողությունների պահաջարկի վերաբերյալ ցածր երկամուտներով երկրների աշխատանքային շուկաներում` հարցման ենթարկելով 15-64 տարեկան մարդկանց:

Ծրագիրն իրականացվել է 2012-2014 թթ. Հայաստանում, Բոլիվիայում, Կոլումբիայում, Վրաստանում, Գանայում, Շրի Լանկայում, Վիետնամում: Հայաստանում և Վրաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը` ՀՌԿԿ-ն, ուսումնասիրությունն անցկացրել է 2013-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում