Վարչապետն ընդդիմադիրներին կոչ է անում երկրի խնդիրների լուծմանը հասնել համագործակցության ճանապարհով

Վարչապետն ընդդիմադիրներին կոչ է անում երկրի խնդիրների լուծմանը հասնել համագործակցության ճանապարհով

ՀՀ կառավարության համար առաջնային խնդիր է տնտեսության զարգացումը և գործադիրի բոլոր ջանքերն՝ ուղղված այդ խնդրի լուծմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին կառավարությունում տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Բոլորի խնդիրն է` կլինի ընդդիմադիր քաղաքական ուժ, հասարակական կազմակերպություն, կառավարություն, օրենսդիր մարմին՝ համատեղել ուժերը՝ մեր երկիրն առաջ տանելու համար: Սա է մեր ապագան: Այսօրվա մեր աշխահագրական դիրքը, ներքին և արտաքին մարտահրավերները պարտադրում են համատեղել ուժերը, գնալ առաջ: Գոնե մեր կառավարությունը յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության եղել է ականջալուր, պատրասատակամություն է հայտնել քննարկել յուրաքանչյուր հարց, որը հուզում է մեր հասարակությանը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով` փողոցներ փակելը, նստացույցեր իրականացնելը ոչ ոքի շահերից չի բխում: Հովիկ Աբրահամյանի կարծիքով` դա այն դեպքում կարելի է արդարացված համարել, երբ չեն լսում իրենց: «Բայց Հանրապետության Նախագահից սկսած` չի եղել դեպք, որ մենք որևէ անգամ պատրաստակամություն չհայտնենք իրենց հանդիպելու, քննարկելու: Ինչ վերաբերում է նրան, որ լինում են քննարկումներ, սակայն որոշումներ չեն կայացվում, ապա պետք է նշեմ` միշտ չէ, որ առաջարկվող լուծումները ճիշտ են: Հենց հանդիպում ենք, բացատրում, ներկայացնում ճանապարհները, ուղիները, այն ժամանակ մարդիկ ասում են` այո, ճիշտ է: Կարծում եմ` այդ հանդիպման պակասը կա»,- նշեց վարչապետը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ եթե իրենք իշխանության հետ համագործակցեն, կվարկաբեկվեն: «Ոչ, սիրելիներս, այդպես չի կարող լինել: Մենք պատրաստակամ ենք՝ նստել, խոսել, քննարկել, դա է երկիրն առաջ տանելու միակ ճանապարհը, մյուս բոլոր ճանապարհները բացասական ազդեցություն են ունենում մեր երկրի առաջընթացի վրա: Եթե կան հարցեր, ապա պետք է խորհրդում դարձնենք քննարկման առարկա, հրավիրենք բոլորին, որպեսզի մարդիկ գան, ներկայացնեն իրենց տեսակետը, մտահոգու թյունը: Ճանապարհ փակելը, նստացույց անելն ինձ համար անընդունելի է: Կառավարությունը միշտ պատրաստակամ է քննարկելու հարցերը: Ընդդիմադիր ուժերին, խմբակցություններին կառավարությունը միշտ ասել է` բաց ենք ձեզ համար, եկեք քննարկենք»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

Միաժամանակ, վարչապետը տեղի ունեցած նիստը գնահատեց արդյունավետ և անկեղծ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում