Մարմարիկի ջրամբարը 23 միլիոն խմ-ով նվազեցնում է Սևանա լճից կատարվող ջրի բացթողումները

Մարմարիկի ջրամբարը 23 միլիոն խմ-ով նվազեցնում է Սևանա լճից կատարվող ջրի բացթողումները

 Վերակառուցված և 2012 թվականին շահագործման հանձնված Մարմարիկի ջրամբարը թույլ է տալիս տարեկան 23 միլիոն խմ-ով նվազեցնել Սևանա լճից ոռոգման նպատակով կատարվող ջրի բացթողումները: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: «Նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում սա առաջին ջրամբարն է, որը հանձնվել է շահագործման: 2012 թվականից ի վեր այս ջրամբարը փորձարարական ծանրաբեռնվածության է ենթարկվել տարեկան 6-7 մլն խմ-ով և այսօրվա դրությամբ ջրամբարը ծանրաբեռնված է 20 մլն խմ-ից ավելի ջրով: Այս փաստը վկայում է, որ Մարմարիկի ջրամբարը հաղթահարել է ջրամբարների համար նախատեսված 4-5 տարիների փորձաշրջանը և լիովին շահագործվել իր ամբողջ 23 միլիոն խմ օգտակար ծավալով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Արամ Հարությունյանը նկատեց, որ վերականգնված պատվարը ունի 55 մ բարձրություն և հնարավորություն է տալիս կարգավորել Մարմարիկ գետի հոսքը: «Ջրամբարի անվտանգության ապահովման համար կառուցվել է 266 մ երկարությամբ «կատաստրոֆիկ ջրթող», ինչը թույլ կտա ըստ անհրաժեշտության ջրամբարից անվտանգ դատարկել ջրի ավելցուկը»,- շեշտեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում