Թուրքիան կուլ գնաց ԱՄՆ-ի ինջրլիքյան շանտաժին` փոխարենը ստանալով գործողությունների ազատություն

Թուրքիան կուլ գնաց ԱՄՆ-ի ինջրլիքյան շանտաժին` փոխարենը ստանալով գործողությունների ազատություն

Թուրքիայի զինված ուժերը հուլիսի 24-ի երեկոյան, հուլիսի 25-ին և 26-ին F-16 կործանիչներով ավիահարվածներ են հասցրել Իրաքում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական ճամբարներին։ Միաժամանակ որոշում է ընդունվել հարվածներ հասցնել նաև Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության սիրիական դիրքերին: Այս մասին որոշում է կայացվել հուլիսի 23-ին և 25-ին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ հրավիրված անվտանգության խորհրդի արտահերթ նիստերում։

Հետաքրքրական է, որ Թուրքիան, որի անունը բազմիցս հայտնվում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանն աջակից երկրների շարքում նախաձեռնել է հարձակում իր իսկ սնած կազմակերպության դեմ: Հակաահաբեկչական գործողություն իրականացնելու պատրվակն այնքան էլ իրատեսական չէ և ակնհայտ է, որ թուրքական կառավարության այս ձեռնարկման հետևում այլ քաղաքական հաշվարկներ են թաքնված, որոնց մասին դժվար չէ գլխի ընկնել:

Քրդական գործոնը տարածաշրջանում կրկին ակտիվանում է, թուրք-քրդական համաձայնագիրը կորցրել է իր ուժը և Մեծ Քրդստանի խճանկարը մաս առ մաս հավաքվում է: Արդեն իսկ Իրաքի հյուսիսում ձևավորվել է Իրաքյան Քրդստանը, Սիրիայի հյուսիսում քրդերը կայուն հաջողություններ են արձանագրում, իսկ Թուրքիայի տարածքում քրդական շարժումը  վերսկսվելու միտումներ է արձանագրում:

«Թուրքիան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում նոր քրդական պետության ստեղծումը, որը հարավից սահմանակից կլինի Թուրքիային: Անկարան կգործադրի բոլոր միջոցները, որպեսզի այդ ծրագիրը երբեք չիրագործվի, որքան էլ բարձր լինի հարցի արժեքը»,- ընդամենը շաբաթներ առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը վաղուց էր պատրվակ փնտրում մտնելու Սիրիայի տարածք և սպասում էր հարմար պահի` կենսագործելու այդ պլանը: Իսլամական պետության դեմ հակաահաբեկչական պայքար մղելու դրոշի ներքո` Թուրքիան ռազմական միջամտություն կատարեց Սիրիայում:

«Անցած 18 ամիսներին ԻՊ-ի դեմ ամենաարդյունավետ պայքարը մղել են PKK-ին մոտ կանգնած սիրիացի քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) և Էրբիլից (հյուսիսիրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք) ղեկավարվող փեշմերգայական (քրդական բանակ) ուժերը: Քրդերի շարքերի թուլացումը Սիրիայում միմիայն օգնում է ընդլայնել հյուսիսում ԻՊ-ի գրաված տարածքները, իսկ հարավում` ԻՊ-ին մոտենալ Բաղդադին: Թուրքական օդուժի այդ ռմբահարումները բախումներ է բորբոքում թուրքաբնակ քրդերի և թուրքական անվտանգության ուժերի միջև և կարող է Թուրքիան վերածել արյունալի և սարսափելի դժոխքի»,- նկատել է անգլիական The Times թերթը:

Թուրքական կառավարության՝ հուլիսի 25-ի տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Իրաքում և Սիրիայում կազմակերպված ռազմական գործողությունների մասին թուրքական կողմը տեղեկացրել է ՄԱԿ-ին և ՆԱՏՕ-ին։ Եվ կարծես թե կողմերից ոչ մեկն առարկություն չի ներկայացրել: Առարկություն չի ներկայացրել նույնիսկ այն փաստի կապակցությամբ, որ ԻՊ-ի դիրքերին հարվածելու փոխարեն Սիրիայում ևս թուրքերն անօրինական ռազմական գործողություններ են իրականացնում քրդերի նկատմամբ: Այսպես, Լոնդոնում գտնվող Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը հայտնում է, որ Թուրքիայի զինված ուժերին (ԶՈՒ) պատկանող տանկերը գիշերը կրակ են բացել Սիրիայի հյուսիային Հալեպ նահանգի Զոր Մաղար գյուղի ուղղությամբ, որն այժմ գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:

Ավելին` այդ որոշումից առաջ տեղի ունեցած զարգացումների արդյունքով է Անկարան թույլատվություն ստացել ռազմական գործողություններ սկսելու համար: Հուլիսի 7-8-ը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հատուկ պատվիրակը` թոշակառու գեներալ Ջոն Ալենը, բանակցություններ էր վարում Անկարայում: Այդ հանդիպումը կարելի է առանցքային համարել, որից հետո խաղի կանոնները Մերձավոր Արևելքում կարծես փոխվում են: Անդրկուլիսյան բանակցությունների գործնական արդյունքներից դժվար չէ գուշակել, որ Ինջիրլիքի ավիաբազան ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին տրամադրելու դիմաց Թուրքիան ստացել է Իրաքում PKK-ի դիրքերին հարվածելու հնարավորություն:

Ավիազբազայի կիրառումը շատ կարևոր է ԱՄՆ-ի համար, քանի որ վերջինս ձգտում է Սիրիայի հյուսիսը մաքրել Իսլամական պետության զինյալներից և ազատ գոտի հայտարարել: Այն պետք է ձգվի Մարեայից մինչև Ջարաբլուս, այսինքն` մոտ 100 կմ:

Ինջիրլիքի ավիաբազայի խնդիրն առանձնակի ուշադրության է արժանի, քանի որ այն տարիներ շարունակ եղել է ԱՄՆ-ի զինված ուժերի տրամադրության ներքո և որի համար ամերիկյան կառավարությունը բավականին մեծ գումարներ է վճարել: Անշուշտ, թուրքական կառավարությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այդ օբյեկտը չէր ցանակա տրամադրել ԱՄՆ-ին` ի վնաս Իսլամական պետության, սակայն Թուրքիան ստիպված էր գնալ այդ քայլին:

Բանն այն է, որ Ամերիկյան մի քանի իրավաբանական ընկերություններ, ինչպես օրինակ «Քաբաթեք Բրաուն Քելլներ սահմանակ պատասխանատվությամբ գործընկերությունը», մի քանի միլիարդ դոլարի համարժեք դատական գործ են հարուցել թուրքական կառավարության դեմ, 1915-ից մինչև 1923 թթ–ը հայերից բռնագրավված ունեցվածքի փոխհատուցման նպատակով: Այդ ունեցվածքի մեջ մտնում է նաև Կիլիկիայում գտնվող Ինջիրլիքի ավիաբազան:

Դեռևս 2010 թվականին հարուցվել էր Ինջիրլիքի օդակայանի գործը՝ կապված ԱՄՆ-ի ու Թուրքիայի կառավարությունների միջև այդ ռազմակայանի օգտագործման շուրջ ընթացող բանակցությունների հետ: Ըստ ԱՄՆ-ի դատարան ներկայացված հայցի՝ թուրքական կառավարությունը ապօրինի յուրացրել է նախկինում հայերին պատկանող սեփականությունը:

Դատական հայցը հաղթել է առաջին ատյանի դատարանում, սակայն քաղաքական լինելու պատճառաբանությամբ դրա կիրառումը կասեցվել է, մինչ Ավստրիայի դեմ նմանատիպ հայցի կարգավորումը Գերագույն դատարանի կողմից, որը որպես նախատիպ է հանդես գալու նաև հայերի հայցը բավարարելու հարցում:

Հիմա կրկին ամերիկյան կառավարությունը առաջ է քաշել Ինջիրլիքի` հայերին պատկանելու հանգամանքը, որն էլ աշխատող գործիք եղավ Թուրքիային համոզելու հարցում: Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին Թուրքիան չի ցանկանում հայերի գույք փոխհատուցման նախադեպեր ստեղծել, որը կարող է միլիարդներ արժենա թուրքական կառավարության վրա: Իսկ ԱՄՆ-ն իր նպատակներին հասնելուց հետո կարող է հեշտությամբ մոռանալ Ինջիրլիքի հայապատկան լինելու հանգամանքը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում