Սիրիայում և Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններով Թուրքիան ներքին խնդիրներն է փորձում լուծել. Սաֆրաստյան

Սիրիայում և Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններով Թուրքիան ներքին խնդիրներն է փորձում լուծել. Սաֆրաստյան

Թուրքիայում  վաղաժամ  խորհրդարանական ընտրությունների հավանականությունը բավականին  մեծ է՝  մոտ  75  տոկոս: Կառավարություն    ձևավորելու   վերջնաժամկետն օգոստոսի 23-ն է,  եթե  այս ընթացքում  դա տեղի չունենա, ապա  նոյեմբերին վաղաժամ խորհրդարանական   ընտրություններ  կանցկացվեն:

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ  Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ, Թուրքիայում  ներքաղաքական  լարվածությունը ձեռնտու է կառավարող ուժին. Էրդողանը գնում է դեպի վաղաժամ ընտրությունների՝ վստահությամբ, որ իր կուսակցությունը  կհավաքի 45-46 տոկոս ձայն և կհաջողվի  միանձնյա կառավարություն կազմել, իսկ  քրդական «Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը» չի հաղթահարի տասը տոկոսի շեմը, հատկապես ներկա  հակաքրդական տրամադրությունների ֆոնին:

Այս համատեքստում  թուրքագետն ակնարկեց, որ ներքին խնդիրները լուծելու և քրդական դիրքերը թուլացնելու  տրամաբանությունից է բխում  թուրքական արտաքին քաղաքական քայլերը, երբ Սիրիայում և  Հյուսիսային  Իրաքում ռազմական գործողություններ են իրականացվում, իհարկե,  այստեղ ևս   կա ԱՄՆ-ի աջակցությունը:

«ԱՄՆ-ն և Թուրքիան միասնական խնդիր են լուծում Սիրիայում, ինչը մեծապես նպաստում է Թուրքիայի քաղաքականության ավելի կտրուկ դրսևորումների»,– ասաց նա՝ ընդգծելով, որ ներքին խնդիրներն արտաքինի հետ փոխկապակցելը ոչ այլ ինչ է, քան արկածախնդրություն, որը խորացնելու է  Թուրքիայի ներկայությունը սիրիական ճգնաժամում, ինչը ենթադրում է համապատասխան հետևանք և պատասխանատվություն:

Հիշեցնենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հետ սահմանի երկարությամբ անվտանգության գոտի ստեղծելու մասին, որը, ինչպես սպասվում է, Վաշինգտոնին և Անկարային կօգնի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Խոսքը գնում է Սիրիայի Հալեպ նահանգում Եփրատ գետից արեւմուտք՝ Թուրքիայի հետ սահմանին 68 կմ երկարությամբ եւ մինչեւ 25-30 կմ լայնությամբ հատվածի մասին: Եթե նախագիծն իրականանա, ապա ամերիկյան ռազմական տեխնիկան կհայտնվի ինչպես ԻՊ-ի մարտիկների, այնպես էլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերի դիրքերին անմիջապես մոտ տարածքում:

Վերադառնալով ներքաղաքական հարթություն, թուրքագետը հավելեց, որ ներքաղաքական լարված իրավիճակը Թուրքիային   կարող է կանգնեցնել  նաև  քաղաքացիական  պատերազմի առջև, ինչից կտուժեն նաև տեղի հայերը:

Ինչ վերաբերում է  թուրքական պետության մասնատմանը, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Թուրքիան սովոր է իր հարցերը  լուծել  ուժի միջոցով, իսկ թուրքականը ՆԱՏՕ-ի բանակներից ամենակազմակերպվածն ու հզորներից է համարվում:
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում