Տիգրան Խաչատրյանի գործով անակնկալների սպասեք. Հայկ Ալումյան (տեսանյութ)

Տիգրան Խաչատրյանի գործով անակնկալների սպասեք. Հայկ Ալումյան (տեսանյութ)

Գորիսի դեպքերի գործով  Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը վստահ է՝  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը չէր կալանավորվի, եթե չլիներ ԶԼՄ-ի  հետևողական  ուշադրությունը: Միաժամանակ, փաստաբանը նախազգուշացնում  է այս գործով  հնարավոր անակնկալների մասին:

«Չգիտեմ հիմա ինչ մեթոդ կընտրեն  նրան քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու համար,  դժվար է կանխատեսել, բայց ինչ-որ բան կփորձեն անել։ Շատ հավանական է, որ դա կանեն այն փուլում,  երբ մամուլն  արձակուրդի մեջ կլինի, այ հենց այդ փուլում էլ սպասեք անակնկալների»,-լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով՝ հուլիսի 27-ին կալանավորվել է Տիգրան Խաչատրյանը. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ինչ վերաբերում է  2013թ-ի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների գործին, Բուդաղյանների փաստաբանը նկատեց, որ գործն արհեստականորեն ձգձգվում է. «Անհասկանալի պատճառներով գործի քննությունը հետաձգվել է մինչև օգոստոսի 6-ը՝ հավանաբար հաշվի առնելով, որ այդ ժամանակ մամուլն ավելի պասիվ է, մարդիկ զբաղված են իրենց հանգիստը կազմակերպելով և շատ հարմար առիթ է   անարդար որոշումների կայացման համար»:

Հավելենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի հերթական դատական նիստը նախատեսված է օգոստոսի 12-ին: Մինչ այդ` օգոստոսի 6-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարում շարունակվելու է քննարկվել երեք բողոք մեկ վարույթում, որը ներկայացրել է Բուդաղյանների փաստաբանը: 

Ինչ վերաբերում է մարզպետի մեքենայի վրա կրակելուն, Հայկ Ալումյանը պնդեց, որ Արա Բուդաղյանին անհիմն են կալանավորել:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում