«Ոչ թալանին» շարժումը տրոհեցին ներքին և արտաքին թալանի համակարգերը. Մանուչարյան (տեսանյութ)

«Ոչ թալանին» շարժումը տրոհեցին ներքին և արտաքին թալանի համակարգերը. Մանուչարյան (տեսանյութ)

ՀՀ-ում  զարմանալի մի վիճակ է ստեղծվել. մի կողմից  խորը աղետի մեջ ենք և ճգնաժամն առավել ծանր բնույթ է կրում, մյուս կողմից`  վերջին մեկ տարում էներգետիկ մեծ  լիցք ստացանք, որը կարող է հանգեցնել կյանքի փոփոխմանը կամ աշխարհի մեջ մեր աշխարհը ստեղծելուն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Իսկ  էներգետիկ լիցքը նախ կապված է անցած տարի սահմանային լարվածության հետ,  որը երիտասարդների և պատերազմի վետերանների կողմից մեծ արձագանք գտավ. ներքին ընկալում ու գիտակցում արթնացավ, երկրորդ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Սերժ Թանկյանի՝  երիտասարդների  շրջանում  ձևավորած   մթնոլորտը,  երրորդ՝ «Ոչ թալանին» շարժման  սկսած պայքարը,  ընդ որում՝ նրանք  «ոչ» էին ասում ոչ թե 7 դրամին, այլ թալանի համակարգին և այդ համակարգը ղեկավարողներին:

«Սրանք մնայուն ձեռքբերումներ են, երիտասարդությունը կանգնել է մեր երկրի կարգը, կանոնը, մարդու տեսակը հաստատելու գործընթացի առջև, ինչը պետք է ճիշտ հասկանալ և ճիշտ օգտագործել: Հայաստանում  ֆանտաստիկ նախադրյալներ են ստեղծվել, և մեզ  սպասվում է ինտենսիվ աշխատանք»,-շեշտեց նա՝ միաժամանակ նկատելով,  թե անհրաժեշտ էր  հստակեցնել՝  ո՞ր երկրի տերն են իրենք՝ այսօրվա՞,  թե՞ իրենց կանոններով  ստեղծվելիք:

Ավելի ուշ Times.am- ի դիտարկմանը՝ «Ոչ թալանին» շարժման նախաձեռնած պայքարն ունեցավ այն ելքը, որն ունեցավ, ավելին՝ դրանից հետո պայքարային  կարգախոսների վերաձևավորումներ եղան՝ «Լուսավորիչ  շարժում», հիմա՝ «Ոտքի Հայաստան», ի՞նչ փոխվեց, ի՞նչ  չստացվեց և ինչո՞ւ:

«Այդ տրոհվելը  ներքին և արտաքին թալանի համակարգերի ներխուժման հետևանք  էր՝ իշխանություններ, կուսակցություններ, օլիգարխներ: Այս խմբերը սկսեցին ուղարկել իրենց մարդկանց, որպեսզի փորձեն զավթել լծակները»,- արձագանքեց  Աշոտ Մանուչարյանը՝ պնդելով,  թե շարժումը կազմակերպված չէր  որպես օրգանիզմ, որ կարողանար սրան դիմակայել,  բայց դիմակայել է այն իմաստով, որ  դեռ պահպանվել է:

Այս համատեքստում  նա նկատեց, որ Սահմանադրական փոփոխությունների անցկացումը  նվեր է  ժողովրդին միավորելու  և հայկական սահմանադրական համակարգ ստեղծելու  առումով:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում