Թուրքիան մտնում է ինտենսիվ պատերազմի փուլ՝ ԻՊ-ի հետ ունենալով «նավթային» կապեր. Ի՞նչ է պահանջվում ՀՀ-ից և միջազգային հանրությունից

Թուրքիան մտնում է ինտենսիվ պատերազմի փուլ՝ ԻՊ-ի հետ ունենալով «նավթային» կապեր. Ի՞նչ է պահանջվում ՀՀ-ից և միջազգային հանրությունից

Կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ «Իսլամական պետություն»-ից եկող ամենամեծ վտանգն իսլամական խալիֆայություն ստեղծելու գաղափարախոսության   հաստատումն է՝ քաղաքական  ճշգրիտ նպատակով  և  ընթացքով: Ի վերջո, իսլամը որպես համաշխարհային կրոն, ի տարբերություն քրիստոնեության,  ձևավորվել է  սեփական խալիֆայություն ստեղծելով և մասամբ նաև սրի զորությամբ՝ հիմքում   ունենալով  իսլամը համաշխարհային և եզակի կրոն դարձնելու ձգտումը, որն այսպես ասած՝  ճզմվել է արդյունաբերական Արևմուտքի ազդեցության ներքո, հիշեցնում  է  աստվածաբանը:

Այս համատեքստում Վարդան Խաչատրյանը նկատեց, որ «Իսլամական պետություն» խմբավորման առաջընթացի համար պարարտ հող է քրիստոնեական համակարգի երկրորդայնացումը և քրիստոնեական Արևմուտքի անտարբեր դառնալը քրիստոնյաների շահերի հանդեպ, ինչի մասին խոսեց նաև Հռոմի պապը.

«Իզուր չէր, որ Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին անդրադարձավ այս հարցին` նշելով, որ հայերը շատ մեծ են իր աչքում ու գնահատելի, քանի որ նրանք կարողացել են ի լուր աշխարհի բարձրացնել Թուրիքիայում իրենց ողբերգությունը: Նա ասում էր՝ շատ ճիշտ կլինի, որ Հայաստանում լինի մի հրապարակ, որը կբարձացնի այսօր էլ  ցեղասպանության ենթարկվող ազգերի շահերի հարցը»,– լրագրողների հետ զրույցում  հիշեցրեց կրոնագետը: Ինչն ավելի ուշ Times.am-ի հետ զրույցում հաստատեց նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն՝ ակնարկելով, որ Եվրոպայում  քրիստոնյաներն իսլամ են ընդունում՝ արդարության պահանջից ելնելով. «ԻՊ-ը բարդ երևույթ է, այնտեղ տարբեր բաներ պիտի զուգորդել: Կա հսկայական զանգված, որն ուզում է ապրել  իսլամի օրենքներով՝ արդարության վրա հիմնված: Իհարկե, այստեղ բազմաթիվ են նաև  արտաքին ներդրումները»:

Թե ինչպես պետք է միջազգային հանրությունը ԻՊ-ի դեմն առնի,  կրոնագետ Վարդան Խաչատրյանը նկատեց՝ միջազգային հանրությունը պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկի, քանի որ սա այն թիրախը չէ, որը կարելի է  խոցել կամ վերացնել հրացանով,  այսինքն՝ պետք է զրկել տնտեսական հնարավորություններից, երկրորդ՝ հակաքարոզչություն  իրականացնել,   ընդ  որում՝ տարածել սուֆիզմի գաղափարախոսությունը,  որի հետևորդներին դժվար է  ստիպել դիմել ծայրահեղական գործողությունների։

Իսկ թե ինչ պետք է անի Հայաստանը, քանի որ ԻՊ-ը վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասի և ՀՀ-ի համար. ծայրահեղ ահաբեկիչները  լցվելու են Հարավային Կովկաս և Ադրբեջան, արդեն Աշոտ Մանուչարյանը Times.am-ի հետ զրույցում նշեց.

«Էս կարգի երևույթի հետ գործ ունենալու համար պետք է կամ ձեռք բերենք այն հզորությունը, որը հնարավոր է ժողովրդի ամբողջականությամբ կառավարման դեպքում, և   աշխատել բոլոր հարթություններում, ի վերրջո, բոլոր երկրներում կապեր ունենք: Երկրորդ՝ մեր հույսը  դնենք ՀԱՊԿ-ի շրջանակում ստեղծված անվտանգության համակարգերի վրա: Սակայն լավ կլինի ստեղծենք մեր համակարգը»:

Իր հերթին Վարդան Խաչատրյանը լրացրեց՝ հիշեցնելով  այս հարթությունում Թուրքիայի դերակատարումը. «Թուրքիան ուղղակի հարաբերությունների մեջ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Թուրքիան ԻՊ-ից գնում է նավթ՝ բարելի դիմաց 10-ը դոլար, և արդյունաբերական աջակցություն է ցուցաբերում այդ ռազմաճակատներին: Միաժամանակ,  Թուրքիան մտնում է ինտենսիվ պատերազմի փուլ՝ ունենալով 2 թիրախ՝ ԻՊ և քուրդ անջատողականներ:  Թուրքիան Սիրիայի հյուսիսից Իսլամական զորամիավորումները»: 

Ըստ կրոնագետի՝ թուրքական պետությունն այս գործողություններով  արտաքին և ներքին խնդիրներ է փորձում  լուծել. արտաքին՝ տապալել Սիրիայում Ասադի վարչակարգը և յուրացնել Ալեքսանդրետի սանջակի հարավային հատվածը,  ներքին՝ այլևս չկա թուրքական իշխանությունների վարկանիշի  բարձրագույն կետը, ուստի սոցիալական խնդիրներից հասարակության ուշադրությունը պետք է շեղել,  ինչպես նաև բանակին զբաղեցնել մարտական գործողություններով, որպեսզի մտքով հեղաշրջում  չանցնի:

«Եթե Թուրքիան պայթեց ներքին քրդական դիմադրության  հետևանքով, ունենալու ենք ծայրահեղ վտանգի մեջ հայտնվելու խնդիր, եթե հաջողեց բազմաթիրախ բարդ օպերացիայում, դարձյալ ծանր իրավիճակում ենք հայտնվելու»,-ամփոփեց կրոնագետը:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում