Թուրքիան Մերձավոր Արեւելքում մեծացնում է քաոսը. The Economist

Թուրքիան Մերձավոր Արեւելքում մեծացնում է քաոսը. The Economist

Քրդական թիրախներին ռմաբահարելով` Թուրքիան Մերձավոր Արեւելքում մեծացնում է քաոսը: Խարդավան Էրդողանը Թուրքիային եւս կնետի մերձավորարեւելյան մարտահնոց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման պնդումներով հանդես է եկել բրիտանական The Economist հանդեսն իր այս շաբաթվա համարում հրապարակած` «Էրդողանի վտանգավոր հաշվարկը» հոդվածում:

Քննադատելով Թուրքիայի նախագահ Էրդողանի մերձավորարեւելյան քաղաքականությունը՝ հանդեսը գրում է. «Թուրքիայի արեւմտյան դաշնակիցները գնալով ավելի շատ են անհանգստանում այդ երկրի կամակոր նախագահից: Ներսում ավտորիտար դարձող Էրդողանը, փոփոխելով սահմանադրությունը, ցանկանում է ձեռքում ավելի շատ ուժ հավաքել, իսկ դրսում` շատ բարեհամբույր գտնվեց Սիրիա պատերազմելու գնացող մարտիկների տարանցմանը: Թուրքիան սկզբում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ստեղծված միջազգային կոալիցիային թույլ չտվեց օգտվել իր ռազմաբազաներ ից: Իսկ երբ Սուրուչում տեղի ունեցած պայթյունից 32 քրդեր սպանվեցին, ԱՄՆ-ի համար բացեց իր օդային ռազմաբազաները եւ ԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ սկսեց ռմբահարել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարները»:

Հանդեսն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մինչ այս պահը Թուրքիան օդային հարվածներ է հասցրել գրեթե միայն քրդական թիրախներին:

«Այդ գործողություններով Էրդողանը միայն մեծացրեց տարածաշրջանում պատերազմի տխրությունը: Սուրուչում քրդերի զոհվելու գործում Թուրքիայի մասնակցության մեջ համոզված PKK-ն որպես վրեժխնդրություն խախտեց գրեթե երկու տարի շարունակվող իր հայտարարած միակողմանի հրադադարը, եւ զինվոր ու ոստիկաններ սպանեց: Սակայն, Էրդողանն անուշադրության է մատնում դա: Ազգայնականներին լարում է քրդերի դեմ, վտանգի ենթարկում քրդական խնդրին մնայուն լուծում տալու հնարավորությունը եւ թուլացնում ԻՊ-ի դեմ պայքարը» -նշում է հանդեսը:

Անգլիական հանդեսն անդրադարձել է նաեւ Էրդողանի մերձավորարեւելյան նախապատվություններին:

«Էրդողանի անձնական գլխավոր թիրախը Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադից ազատվելն է, երկրորդ թիրախը` Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի դեմ պայքարում քրդերի ձեռքբերումների մեծացման խոչընդոտումն է: Իսկ իր հետ Սիրիայի սահմանամերձ շրջանում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի ցանկությունն ավելի շատ քրդերից ազատված տարածաշրջան ստեղծելն է», -համոզմունք է հայտնել հանդեսը:

Հանդեսի կարծիքով` Էրդողանը մերձավորարեւելյան ճգնաժամն օգտագործում է ներքին քաղաքական շահ ստանալու համար:

2002 թվականին «Արդարություն եւ զարգացում կուսակցության (PKK) իշխանության գալու ժամանակ Էրդողանը բարենորոգիչ եւ քրդերի հետ հաշտվողական գործիչ էր երեւում: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնելու պատճառով խորհրդարանում AKP-ի մեծամասնություն չվաստակելուց հետո Էրդողանը սկսեց հակաքրդական քարտ օգտագործել: Ինչպես երեւում է` Էրդողանը նպատակադրվել է հարվածելով PKK-ին, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում HDP-ի քվեները վերաուղղել AKP- ին, եւ սահմանադրությունը փոխելու համար խորհրդարանում անհրաժեշտ մեծամասնութուն ապահովել», -ընդգծում է հանդեսը:

Թուրքիայի նախագահին բնութագրելով որպես «ծայրահեղ ինքնասիրահարված», հանդեսը գտնում է, որ Էրդողանի այդ ինքնահավանության պատճառով Թուրքիան եւս կարող է նետվել մերձավորարեւելյան մարտահնոց:

Հանդեսը Թուրքիայի իշխող AKP-ին խորհուրդ է տալիս ուշադրություն չդարձնել Էրդողանի բանսարկություններին, խորհրդարան անցած կուսակցություններից մեկի հետ անպայման կոալիցիա ստեղծել եւ շարունակել հաշտության բանակցությունները քրդերի հետ:

«Եթե թուրքերն ու քրդերը զենքերը միմյանց փոխարեն ուղղեն ԻՊ-ի դեմ, դա ավելի լավ կլիներ Թուրքիայի, Մերձավոր Արեւելքի եւ աշխարհի համար», -ամփոփում  է The Economist-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում