Դեմիրթաշը դատական գործ է հարուցել Էրդողանի և Դավութօղլուի դեմ

Դեմիրթաշը դատական գործ է հարուցել Էրդողանի և Դավութօղլուի դեմ

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը դատական գործ է հարուցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:Քրդական կուսակցության առաջնորդը երկրի ղեկավարների դեմ դատական գործ է հարուցել «դատարանի անկախության վրա ազդելու և այն ուղղորդելու» հիմնավորմամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Դեմիրթաշի դեմ: Հետաքննության շրջանակներում ուսումնասիրվելու են 2014 թվականի հոկտեմբերի 6-8-ի դեպքերը: Դեմիրթաշի դեմ հետաքննությունը կընթանա Թուրքիայի քրեական օրենսգրքի «Հանրային խաղաղության դեմ իրականացված հանցագործություններ» բաժնի 214/2  կետով, որը ենթադրում է «ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ զինել, սադրանքի ենթարկել»: Եթե դատախազությունը որոշում կայացնի այն մասին, որ Դեմիրթաշի գործում կան հանցանքի տարրեր, ապա այն կդիմի Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ քուրդ քաղաքական գործչի անձեռնամխելիությունը հանելու պահանջով: Դատական գործ հարուցելու պարագայում քրդական կուսակցության առաջնորդին սպառնում է միչև 24 տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում