Գլենդելում բացվել է «ՀայՓոստ»-ի առաջին միջազգային բաժանմունքը

Գլենդելում բացվել է «ՀայՓոստ»-ի առաջին միջազգային բաժանմունքը

Հայաստանի Հանրապետության ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ-ն բացեց իր առաջին միջազգային բաժանմունքն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերության լրատվական ծառայությունից, վացման արարողությանը ներկա են եղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլա րյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, ինչպես նաև «Հայ Փոստ»-ի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության («ՀայՓոստ»-ի գործունեությունը կառավարող ընկերության) ղեկավարությունը և մի շարք համայնքային ներկայացուցիչներ:

«ՀայՓոստ»-ի հայաստանյան և նորաբաց ամերիկյան բաժանմունքների միջև գործող ուղիղ առաքման ծառայությունը Կալիֆորնիայի բնակիչներին հնարավորություն է ընձեռում ավելի պարզ և արագ կերպով ծանրոցներ ուղարկել իրենց հայաստանաբնակ բարեկամներին և ընկերներին: Միևնույն ժամանակ, «Shopin America»-ի՝ «ՀայՓոստ»-ի այս բոլորովին նոր հարթակի շնորհիվ Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան գնումներ կատարել ԱՄՆ-ի խանութներից և Գլենդելի նորաբաց բաժանմունքի միջոցով ստանալ այդ գնումները անմիջապես իրենց քաղաքում կամ գյուղում՝ գտնվելով Հայ աստանի նույնիսկ ամենահեռավոր շրջաններում:

Ըստ «Հայ Փոստ Յու Էս Էյ»-ի Գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի՝ Ընկերությունը մատուցելու է նաև դրամական փոխանցումների ծառայություն, որը նպատակ կունենա պարզեցնել և կանոնակարգել ԱՄՆ-ից Հայաստան և Հայաստանից ԱՄՆ արվող դրամական փոխանցումների գործընթացը՝ դարձնելով այն ավելի արագ, ապահով և մատչելի:

«ՀայՓոստ Ինտերնեշնլ»-ի նպատակն է ավելի ամուր կամուրջ ստեղծել Հայաստանի և ամերիկահայ համայնքի միջև՝ ընդլայնելով «ՀայՓոստ»-ի ծառայությունների հասանելիությունը հայրենիքի սահմաններից դուրս, ինչպես նաև ստեղծել ծառայությունների նոր հնարավորություններ և կապեր հայրենիքի և սփյուռքի միջև:

«ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունքը գտնվում է հայաշատ Գլենդել քաղաքի կենտրոնում՝ Նորթ Բրենդ պողոտայում, և զբաղեցնում է 340 քառակուսի մետր տարածք: Այն լիովին համապատասխանում է «ՀայՓոստ»-ի վերանորոգված հայաստանյան բաժանմունքների բրենդինգի չափանիշներին: Առաջատար հարմարություններով և ծրագրային հնարավորություններով հագեցած՝ «ՀայՓոստ Յու Էս Էյ»-ն ունի վեց վերապատրաստված մասնագետներից բաղկացած աշխատակազմ և առանձնանում է ջերմ մթնոլորտով ու սպասարկման բարձր մակարդակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում