Քեսաբում իրավիճակը խաղաղ է. սկսվել է բերքահավաքի առաջին շրջանը

Քեսաբում իրավիճակը խաղաղ է. սկսվել է բերքահավաքի առաջին շրջանը

Քեսաբում իրավիճակը խաղաղ է, բախումներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ և Քեսաբի հայ համայնքի մամուլի խոսնակ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ բերքահավաքի առաջին շրջանն է, մարդիկ զբաղված այդ գործերով: Նա նաև տեղեկացրեց, որ վերջին շրջանում մի քանի հարյուր հալեպցիներ, ելնելով ստեղծված իրավիճակից, տեղափոխվել են Քեսաբ: Նրանց թվում և՛ հայեր, և՛ արաբներ կան:

«Հատկապես այն հայերը, ովքեր տուն ունեն Քեսաբում, տեղափոխվել են այնտեղ: Ուրախալի փաստ է այն, որ հալեպցիները չեն լքել երկիրը և մնացել են հայրենիքում՝ համեմատաբար ավելի ապահով վայրում»,- նշեց Մանճիկյանը՝ ավելացնելով, որ կյանքը Քեսաբում քիչ, թե շատ աշխույժ է, չնայած որ Թուրքիայի հարևանությունը մշտապես մտահոգության տեղիք է տալիս:

Ինչ վերաբերում է համացանցում տարածված լուրերին, որ Քեսաբում անտառներ են այրվում, Մանճիկյանը նշեց, որ Քեսաբից մոտ 10-ը կիլոմետր հեռավորության վրա անտառային շրջաններ կան, որտեղ նաև զինյալներ կան և այնտեղից հրթիռներ են արձակում: Նրա խոսքով անտառային Ռատիհա շրջանը Քեսաբի դիմաց է գտվում, որտեղ մի քանի ոչ մեծ հրդեհներ են եղել: Թեպետ ցավալի է, որ հրդեհներից ծառեր են վնասվում, սակայն մեկ այլ տեսանկյունից հրդեհների բռնկման արդյունքում զինյալները չեն կարողանում այնտեղ թաքնվել:

«Պատերազմը ոչ ծառ է խնայում, ոչ մարդու»,- նշեց Մանճիկյանը:Մամուլի խոսնակն ուրախությամբ նշեց, որ համահայկական 6-րդ խաղերին Քեսաբից մոտ 23 հոգուց բաղկացած խումբ է մասնակցում, ինչը շատ ողջունելի է:

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասը վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարաններն առանց բացառության, վնասներ էին կրել: Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում