Թուրքիայում արգելվել են պայթյունների հետ կապված լուրերի հրապարակումները

Թուրքիայում արգելվել են պայթյունների հետ կապված լուրերի հրապարակումները

Թուրքիայում ԶԼՄ-ներին արգելվել է երկրում տեղի ունեցող պայթյունների հետ կապված լուրեր հրապարակել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az-ին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի` Կարսի նահանգով անցնող հատվածում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետեւանքով մեծ վնաս է հասցվել խողովակաշարին, նախարարությունը Թուրքիայի խողոկաշարարերով վառելիքի փոխադրման ընկերությանն (BOTASH) արգելել է այդ միջադեպի վերաբերյալ տեղեկություններ հայտնել լրատվամիջոցներին:

BOTASH-ից report.az-ին հայտնել են, որ Թուրքիայում վառելիք փոխադրող խողովակաշարերում պայթյունների մասին տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում, պետք է հրապարակի Թուրքիայի էներեգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:

Օրերս պայթեցվել էր Իրաքից Թուրքիա նավթ փոխադրող Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը: Պայթեցվել էր նաեւ Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում Մասիսի ստորոտով Իրանից Թուրքիա գազ փոխադրող խողովակաշարը:

Թուրքիայի իշխանություններն անմիջապես հայտարարել են, որ երկու պայթյունների պատասխանատուն այդ երկրում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներն են:

Թուրքական մամուլում բացակայում են այդ խողովակաշարերը վերանորոգելու եւ վառելիքի հոսքը վերականգնվելու մասին հաղորդագրությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում