Ադրբեջանը նոր ապտակ ստացավ հայկական զինուժից և գնաց յուրացնելու հերթական դասը

Ադրբեջանը նոր ապտակ ստացավ հայկական զինուժից և գնաց յուրացնելու հերթական դասը

Սահմանագծում լարվածության թուլացում է նկատվում, սակայն հակառակորդը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Համաձայն վերջին տվյալների, ադրբեջանական կողմն օգտագործել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետեր (60 արկ) և ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (51 արկ) տիպի նռնականետեր:

Հարաբերական անդորրը, որ հաստատվել էր Եվրոպական օլիմպիական խաղերի ընթացքում, փոխարինվեց սահմանային լարվածության նոր ալիքով: Օլիմպիական խաղերի ընթացքում հաստատվեց կարճատև խաղաղությունը ևս մեկ անգամ վկայեց, որ սահմանային սադրիչը հենց ադրբեջանական կողմն է: Եթե այդ երկրում զբաղված են այլ խնդիրներով, ապա արցախյան հարթակը կարծես թե մոռացության է մատնվում:Ավարտվեցին Եվրոպական խաղերը, որի հետ միասին ավարտվեց նաև Ադրբեջանի` խաղաղասեր ու հյուրընկալ պետության պատրանքը:

Սահմանում հուլիսյան ոտնձգությունները կարծես հիշեցնում էին նախորդ տարվա օգոստոսյան դեպքերը, երբ Ադրբեջանը փորձում էր կայծակնային պատերազմ հրահրել, որի միջոցով չափեց իր ուժերը: Արդյունքն այնն էր, որ մեր արևելյան հարևանը հասկացավ, որ առայժմ պատրաստ չէ դիմագրավելու հայկական բանակի զորությանը, և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքով կողմերն ընդհանուր հայտարարի եկան ու սահմանում ամեն ինչ շարունակվեց կիսախաղաղություն կիասապատերազմ բանաձևի ներքո:

Ադրբեջանական այդ արկածախնդրության տարին դեռևս չէր բոլորվել, երբ կրկին սկսեցին փորձել սեփական բանակի ուժերը: Բանակի վրա հսկայական միջոցներ են ծախսվում և ժամանակ առ ժամանակ կարիք է զգացվում ստուգել, թե արդյոք այդ ծախսերն իրենց արդարացնում են, արդյո՞ք պատերազմը վերսկվելու դեպքում ալիևյան կլանի կողմից այսքան տարիների մսխված փողերն արդյունավե՞տ են, թե ոչ: Սա հիմնական պատճառներից է, որ ստիպում է ադրբեջանական կողմին` դիմելու մարտական գործողությունների: Սակայն գործողությունների ժամանակացույցի ընտրման տրամաբանությունը պայմանավորում են մի շարք այլ գործոններ ևս:

Դրանք ինչպես ներքաղաքական ֆակտորներն են, այլև արտաքին քաղաքական միջավայրում ստեղծված դրությունը: Ներքաղաքական խնդիրների շարքում հարկ է առանձնացնել առաջիկայում սպասվելիք խորհրդարանական ընտրությունները, որտեղ Ալիևի ղեկավարած կուսակցությունը` Ենի Ազերբայջանը կարիք ունի իր ընտրազանվածին կերակրելու սահմանում հաջողությունների, մոտալուտ պատերազմում հաղթելու և Արցախը հետ բերելու միֆերով: Եթե սահմանում հաջողություններ արձանագրվեն, ապա դրանք ասվածի լավագույն վկայությունը կլինեն: Բնականաբար, ինչպես Ադրբեջանում բոլոր ընտրություններն, այս մեկը ևս կեղծվելու է, սակայն կարևոր է ենթագիտակցական մակարդակում այդ միֆը նստվածք տա:

Չպետք է անտեսենք նաև այն փաստը, որ նավթի գները կրկին անկում են ապրում, ինչն ուղղակիորեն հարված է հասցնում ադրբեջանական տնտեսությանը, կրճատվում են ոչ միայն եկամուտները, այլև բազմաթիվ աշխատատեղեր: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվներն ընթացիկ տարվա հուլիսին 185 միլիոն դոլարով նվազել են: Շարունակական այս նվազումը հանգեցնում է կենսամակարդակի անկմանը: Նյութական այս կորուստները ադրբեջանական կողմը կցանկանար լրացնել ռազմական ասպարեզում արձանագրված հաջողություններով, որն էլ կնպաստի երկրում հոգեբանական ընկճված մթնոլորտի հաղթահարմանը, սակայն ռազմական վերջին անհաջող փորձերն ապացուցեցին, որ Ադրբեջանն առայժմ չի կարող ապավինել այդ գործոնին:

Ադրբեջանի քաղաքացիների շարքում ավելանում են Իսլամական պետության կողմնակիցները, ուստի ենթադրելի է, որ ադրբեջանական կառավարությունը ջիհադի մոլուցքով տառապող քաղաքացիներին փորձում է հիշեցնել, որ սեփական երկրի սահմաններին էլ դեռևս շատ անելիքներ կան անելու և սրբազան պատերազմ վարելու համար կարիք չկա Սիրիայում կռվել:

Ադրբեջանի հուլիսյան ակտիվությանը ոչ պակաս է նպաստել նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրած 200 միլիոն դոլարի վարկը, որով հայկական բանակը համալրվեց զինտեխնիկայի նոր տեսականիով: Այս փաստը հիսթերիայի նոր ալիք բարձրացրեց Ադրբեջանում, որը դրսևորվեց ոչ միայն զանազան պաշտոնյանների հայտարարություններում, այլև սահմանային գործողություններում:

Նպաստավոր էր նաև գլոբալ հարթակում ստեղծված դրությունը: Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Իրանի և միջազգային միջնորդների վեցյակի ձեռք բերված պայմանավորվածույունն էր, որն էլ Ադրբեջանին գործողությունների ազատություն էր տալիս: Միաժամանակ հարկ է փաստել, որ Ադրբեջանը սկսում է այս հարցում անկառավարելի դառնալ, և միակ զսպող գործոնը հայկական բանակի հզորությունն է: Սամանային այդ լարված օրերին տարածաշրջանում էին գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, սակայն Ադրբեջանը փորձում էր ցույց տալ, որ միջազգային հանրության կարծիքն իրեն չի հետաքրքրում և բավարար հզորության դեպքում Արցախում կվերսկվեն ռազմական գործողությունները: Ստեղծված իրավիճակում նույն այդ միջազգային քաղաքականության ներկայացուցիչները ադեկվատ ռեակցիա չցուցաբերեցին, ադեկվատ էր միայն հայկական բանակի պատասխանը, որն, ինպես միշտ մարտական իր բարձր պատրաստավածության շնորհիվ կարողացավ լռեցնել հակառակորդին: Ադրբեջանը նոր ապտակ ստացավ հայկական զինուժի կողմից և գնաց յուրացնելու հերթական դասը, որպեսզի որոշակի պատրաստավածությունից հետո կրկին փորձի իր ուժերը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում