Հայ մարզիկների հաջողությունները շարժել են երիտթուրքերի ազգայնամոլությունը

Հայ մարզիկների հաջողությունները շարժել են երիտթուրքերի ազգայնամոլությունը

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքը:

Այս հատորը 2009թ. լույս տեսած հրատարակության լրամշակված և նորահայտ նյութերով հարստացված տարբերակն է, որտեղ ընդգրկված են հայկական սպորտի և մարմնակրթության պատմությանը վերաբերող շուրջ 600 լուսանկարներ:

Գրքում առաջին անգամ համադրվում և ներկայացվում են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Լուսանկարչական նյութով հարուստ այս հրատարակությամբ ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:

«Մենագրությունն անդրադառնում է Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում առաջացած հայկական մարզական ակումբների գործունեությանը, հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում մեծ թափ առած մարմնակրթական շարժման պատմությանը, ինչպես նաև հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցության և ազգայնականության, հայկական սկաուտական շարժման առաջացմանը և Մեծ եղեռնին զոհ գնացած հայկական մարզիկներին»,-նշում է հեղինակը:

Եվրոպական ազդեցությունն ու եվրոպական կրթական ավանդույթների ու սկզբունքների հետ ծանոթությունը նպաստեց սպորտային կյանքի աննախադեպ ակտիվացմանը: Բավական է ասել, որ մինչև 1915 թ. Կոստանդնուպոլսից Վան, Տրապիզոնից Ադանա հայկական տասնյակ սպորտային ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ ի հայտ եկան:

Օսմանյան կայսրության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկներ` Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը, 1912 թ. Ստոկհոլմում տեղի ունեցած հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում ներկայացրեցին Օսմանյան կայսրությունը: Բազմաթիվ հայկական թիմեր ու անհատ մարզիկներ պարբերաբար հաղթանակներ էին տանում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում: 1911-1914 թթ. անցկացվեցին չորս «Հայկական օլիմպիական խաղեր»` բոլոր  հայկական սպորտային ակումբների մասնակցությամբ: Մրցույթների հաղթողները
պարգևատրվեցին արծաթե մեդալներով:

 «Ներքին գործերի նախարար Թալիաթը դիմում է գրել Էնվերին 1914-ին` նշելով, որ համազգեստավոր հայ սկաուտների քայլարշավները երկրին սպառնացող վտանգ են, ուստի Ներքին գործերի նախարարությունը չէ, որ պետք է զբաղվի նրանցով, այլ պատերազմական նախարարությունը»,-ասում է Հայկ Դեմյանը՝ հավելելով, որ երիտթուրքերի պարագլուխները ստեղծում էին պանթուրքիստական ակումբներ և դրանցում ներգրավված մարզիկներին պարտադրում էին դառնալ երիտթուրքական կուսակցության անդամներ. «Նպատակը ձևակերպված էր հստակ` պայքարել փոքրամասնությունների հաջողությունների դեմ: Սպորտը և ազգայնականությունն իրար սերտաճած երկվորյակներ են, մրցակցության թեմայով մենք նոր հիմք ենք ստեղծում ցեղասպանագիտության մեջ` ապացուցելու, որ պատճառն այն չէ, որ երիտթուրքերը Բալկաններից փախաստականներ էին ու հոգեբանական նախապաշարումներ ունեին, այլ նրանք ևս խաղացողներ էին, երկրպագուներ, ովքեր հետ էին մնացել հայերից և հույներից, ուստի ամեն կերպ փորձ էր արվում թուրքականն առաջնային դիրքեր բերել սպորտի ասպարեզում, ինչպես  տնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառներում»:

Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհ դարձան բազմաթիվ հայ մարզիկներ, որոնց թվում նաև «Մարմնամարզիե խմբագիր Շավարշ Քրիսյանը, որից հետո պարբերականը դադարեց լույս տեսնել: 1915-1920 թթ. բազմաթիվ հայ մարզիկներ դարձան ցեղասպանության զոհ, հայկական սպորտային ակումբների մեծ մասը դադարեցին գործել:

Մինչև տարեվերջ գիրքը հրատարակվելու է նաև ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում