Արմավիրի մարզում նախնական ախտորոշվել է սիբիրյան խոցի երկու դեպք

Արմավիրի մարզում նախնական ախտորոշվել է սիբիրյան խոցի երկու դեպք

Արմավիրի մարզի Արտամետ համայնքի 2 բնակիչ սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ դիմել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Ինչպես  հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, hիվանդների մոտ նախնական ախտորոշվել է սիբիրյան խոց, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Կատարվել են նմուշառումներ և ախտորոշման վերջնական հաստատումը պարզ կլինի լաբորատոր հետազոտությունների արդյունքում:

Տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդները հուլիսի 24-ին գտնվել են Վրաստանի Նինոծմինդա տարածաշրջանում, որտեղ գնել են միս: Մսեղիքի մշակման արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում հիվանդների ձեռքերի վրա նկատվել են վերքեր, որի կապակցությամբ դիմել են բժշկական օգնության: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճշտվել են մսեղիքի հետ առնչություն ունեցած բոլոր անձինք, նրանց նկատմամբ կազմակերպվել է բժշկական հսկողություն, տնային օջախում կազմակերպվել է ախտահանում:

Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությանը, որոնց հետ համատեղ կազմակերպվել են բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում