Հնդկաստանում 30-ից ավելի մարդ է զոհվել գնացքների վթարի հետեւանքով

Հնդկաստանում 30-ից ավելի մարդ է զոհվել գնացքների վթարի հետեւանքով

Առնվազն 32 մարդ է զոհվել, հինգն անհայտ կորած են համարվում, ավելի քան քառասուն հոգի վերքեր են ստացել Հնդկաստանի կենտրոնական մասի Մադյա Փրադեշի նահանգում ռելսերից երկու մարդատար գնացքների դուրս ընկնելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է նահանգի ոստիկանությունը, որը համակարգում է փրկարար աշխատանքները:

Ողբերգությունը տեղի է ունեցել անցած գիշեր Մաչակ գետի վրայով անցնող կամրջի վրա, որը ջրասույզ Էր եղել հեղեղման հետեւանքով: Երկաթուղային կոնստրուկցիաները չեն դիմացել երկու շարժակազմերի ծանրությանը, որոնք ընթանում էին հակադիր ուղղություններով: Այդ պատճառով ռելսերից դուրս են ընկել «Կամայանի» ճեպընթացի վեց վագոն եւ «Ջանաթա» ճեպընթացի չորս վագոն:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ մարդկանց զոհվելու հիմնական պատճառը դարձել է էլեկտրահարումը, ուղեւորների մի մասն ընկել է ջուրը, ոմանք տուժել են վթարից վագոնների ճզմվելու հետեւանքով: Իշխանությունները երկյուղում են զոհերի թվի աճից:

Ինչպես այսօր հայտնել է Մադյա Փրադեշի նահանգի գլխավոր նախարար Շիվ Ռաջ Չոուհանը, «300-ից ավելի ուղեւորներ տարահանվել են», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում