Համահայկական խաղերի Բերդի մասնակիցները կայցելեն նաև զորամասեր

Համահայկական խաղերի Բերդի մասնակիցները կայցելեն նաև զորամասեր

Համահայկական խաղերի արցախյան ենթախմբի Բերդի վոլեյբոլի տղամարդկանց թիմը պատրաստվում է այցելել Արցախի զորամասեր՝ տեսնելու Շամշադինից զորակոչված իրենց զինվորներին:

«Շատ գովելի է, որ այս տարի մրցումներն առաջին անգամ անցկացվում են Արցախում: Մենք մեծ ոգևորությամբ ենք եկել Արցախ: Առաջին անգամը չէ, որ այստեղ ենք և, առիթից օգտվելով, ևս մեկ անգամ վանքերը կայցելենք: Շատ զորամասերում կան Շամշադինից զորակոչված զինվորներ, և մենք պատրաստվում ենք այցելել նաև նրանց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տեր Արամ քահանա Միրզոյանը՝ Բերդի և Տավուշի տարածաշրջանի հոգևոր հովիվը:

Տեր Արամ քահանա Միրզոյանը մեծ ոգևորվածությամբ խոսեց Համահայկական խաղերի մի քանի ենթախմբերի մրցումներն Արցախում անցկացնելու մասին.

«Համահայկական խաղերը յուրաքանչյուր մասնակցի, մարզչի և հայի մոտ պետք է միասնության գաղափար առաջացնեն: Հենց այս գաղափարն է, որ ամեն անգամ շեշտադրվում է, և դա շատ կարևոր է: Եթե մենք միասին լինենք, ապա շատ ուժեղ կլինենք: Այս խաղերի շնորհիվ է, որ տեսնում ենք, թե ինչքան ուժեղ երիտասարդներ ունենք, ինչքան պատրաստի ուժեր ունենք»:

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերն իսկապես, որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլ նաև մասնակիցների քանակով, որը գերազանցում է 6350-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում