Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ գլխավոր գանձապետի հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական կապերը

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ գլխավոր գանձապետի հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական կապերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին:  Հանդիպման առանցքում եղել է Գանձապետարանի դերը հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Ինչպես տեղեկացրին  Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց կողմից առանձնացված գերակայությունները, այդ թվում՝ հայ-ամերիկյան հարկային պայմանագրի փոխշահավետության հարցը:

Հայ դատի հանձնախմբի անդամները նաև շնորհակալություն են հայտնել Ջեյքոբ Լյուին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղևորվող նախագահական պատվիրակությունը ղեկավարելու համար:

Հանդիպմանն ԱՄՆ գերատեսչությունից ներկա են եղել նաև Գանձապետարանի աշխատակազմի ղեկավար Քրիս Վայդեմանը, Կապիտալի շուկայի հարցերով քարտուղարի տեղակալ Մոնիկ Ռոլինսը և մամուլի խոսնակ Ութնի Սմիթը, ովքեր նույնպես եղել են Երևան այցելած պատվիրակության կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում