Ախալքալաքում վրացական ռազմաբազայի հիմնումը անվստահության սեպ կարող է խրել Ջավախքի և Թբիլիսիի միջև

Ախալքալաքում  վրացական ռազմաբազայի հիմնումը  անվստահության սեպ կարող է խրել Ջավախքի և Թբիլիսիի միջև

Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայի տարածքում բացվել է մարտական պատրաստության ուսումնական կենտրոն, որը կրում է 2008թ. օգոստոսի վրաց-ռուսական պատերազմի ժամանակ զոհված սպա Զազա Պերաձեի անունը:

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը կատարվել է նորակառույց շենքի մոտ, որին ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ՊՆ փոխնախարար Դավիթ Եբրալիձեն, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի ղեկավար Ակակի Մաչութաձեն, Ախալքալաքի մունիցիպալիտետի կառավարիչ Համլետ Մովսիսյանը,Նինոծմինդայի կառավարիչ Գագիկ Կարսլյանը և ՏԻՄ այլ պաշտոնյաներ:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՊՆ-ի կայքէջը, կենտրոնի կառուցումը դեռևս չի ավարտվել: Շինարարական ընթացքի մեջ է զորանոցները, ճաշարանը: Մինչ 2019թ-ը նախատեսում են կառուցել նաև սպորտդահլիճ, հանրակացարաններ և այլ շինություններ:
Այս կենտրոնի շինարարության հիմքերը դրվել է դեռևս մեկ տարի առաջ նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի օրոք: Վերջինս հիմնարկեքի արարողությանը նշել է. «Սա պատմական որոշում է, որն ընդունել է Վրաստանի կառավարությունը։ Այստեղ խորհրդային բանակն է եղել, իսկ այժմ այն նոր որակական հատկանիշներ է ձեռք բերելու։ Բոլոր զինծառայողները, այդ թվում նաև ժամկետայինները, նախնական մարտական պատրաստությունն անցնելու են հենց այդտեղ։ Իհարկե դրանից հետո այս շրջանի կյանքն ավելի ակտիվ կլինի, քանի որ այդ կենտրոնին սպասարկելու համար պետք կլինի տեղի բնակչության ռեսուրսը»,- հայտնել է Իրակլի Ալասանիան։

Ալասանաին մատնանշեց այն ռազմավարությունը, որ Վրաստանը որդեգրել էր իր տարածքում գտնվող նախկին ռուսական ռազմաբազաների նկատմամբ: Խորհրդային միության տարիներին Վրաստանի տարածքում ռուսական ռազմաբազաներ էին տեղակայված Բաթումիում, Ախալքալաքում, Վազիանում և խաղաղապահ ուժեր և ԱՊՀ-ի ռազմաբազա Գուդաութեում: Վրաստանի տարածքից ռուսական զորամասերի դուրսբերման պահանջը վաղուց էր վրաց-ռուսական հարաբերությունների օրակարգում:

Այդ հարցի շուրջ համաձայնագիր էր ստորագրվել դեռևս 1999թ-ի նոյեմբերի 17-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ համաժողովի ժամանակ, որը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի մի մասն էր կազմում: Այդ պայամանգրի համաձայն, Մոսկվան պարտավորվում էր իր ռազմաբազաները լիկվիդացնել Վազիանում և Գուդաիթիում, սակայն ՌԴ-ի օրենսդիր մարմինը այն հաստատեց միայն 2006թ-ին: Մինչ այդ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ կողմերը մի շարք փաստաթղթեր էին ստորագրել, որոնցում ամրագրվել էր նաև Ախալքալաքից և Բաթումիից ռազմաբազաների հեռացումը:

Ախալքալաքից ռուսական ռազմաբազայի լիկվիդացումը մի քանի փուլով տեղի ունեցավ, որն ավարտվեց 2007թ-ի հունիսի 27-ին, երբ շենքը տրվեց վրացական կողմին: Քայլ առ քայլ կատարվեց նաև մնացած ռազմաբազաների լիկվիդացումը:

Ռուսական ռազմաբազայի տեղակայումը Ջավախքում հոգեբանական նշանակություն ուներ ջավախահայության համար, քանի որ սահմանակցում է Թուրքիայի հետ: Միֆ թե՞ իրականություն, սակայն Ջավախքում հայերը վստահ էին, որ ռուսի ներկայությունը կանխում է թուրքական զորքերի առաջխաղացումը: Այդ է պատճառը գուցե, որ պաշտոնական Թբիլիսիի կողմից Ջավախքը դիտարկվում է ռուսամետ մի տարածաշրջան, որտեղ միշտ ցանկալի է ռուսական տարրի վերադարձը: Ուստի Վրաստանի իշխանությունները նախկին ռուսական ռազմաբազաների տարածքում, ինչպես Վազիանում, այնպես էլ Ախալքալաքում ուսումնական կենտրոններ են հիմնում: Դա ունի նաև հոգեբանական նշանակություն: Նախկին ռուսական ռազմաբազաների տարածքում ծածանվում են վրացական դրոշները, ինչը Վրաստանի ինքնիշխանության վերջնական ամրագրումն է:

Ախալքալաքում ստեղծելով ռազմական ուսումնական կենտրոն` Վրաստանն ավելի շատ ներքին խնդիրների լուծում է հետապնդում: Բանակը սովորաբար արտաքին խնդիրների լուծմանն է ուղղված, սակայն սա այն եզակի դեպքերից է, երբ իշխանությունները այս կերպ ազդակներ են ուղարկում տարածաշրջանի բնակչությանը, որ անջատողականության կամ անհնազանդության ցանկացած ալիք կարճ ժամանակահատվածում կարող է ճնշվել: Այս ամենը լրացուցիչ անգամ ցույց է տալիս, որ Վրաստանը չի վստահում Ջավախքի հայկական բնակչությանը, որը լրացուցիչ սեպ է խրում առանց այն էլ իզոլացված Ջավախքի և Թբիլիսիի միջև: Այս արգելքները հաղթահարելու համար կարևոր է, որ տեղի բնակչությունն ընգրկվի մարտական պատրաստության կենտրոնի աշխատանքների մեջ, որպեսզի վստահության կամուրջն հիմնվի:

 Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում