20 նահատակների մասունքները կհուղարկավորվեն Երեւանում

20 նահատակների մասունքները կհուղարկավորվեն Երեւանում

Մեր զրուցակիցն է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը

Պարոն Աճեմյան, իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող լուրերը, որ 1915 թվականին Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված 20 հնչակյան ղեկավարների մասունքները կտեղափոխվեն Երեւան:

– Այո՛, գործընթացը, որ նախաձեռնել է ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը, շատ մոտ է ավարտին: Մեր տասնամյակների երազանքն է եղել, որ 20 հերոսները, ովքեր պատկանում են Հայ ազգին, այլ ոչ թե միայն ՍԴՀԿ-ին, պատշաճ կարգով վերահուղարկավորվեն մայրենի հողի վրա: Այս մարդիկ Ցեղասպանության առաջին զոհերից էին, ովքեր զոհվեցին պայքարի ճանապարհին: Փարամազն ու իր 19 ընկերները զոհվեցին հանուն այսօրվա Անկախ Հայաստանի: Նրանք կատարում էին Հնչակյան կուսակցության վճիռը՝ ոչնչացնել հայակուլ երեք հրեշներին՝ Թալեաթին, Էնվերին եւ Ջեմալին: 1913 թվականին, Ռումինիայի Կոստանցա քաղաքի ՍԴՀԿ 7-րդ համագումարում էր, որ որոշվեց ոչնչացնել իթթիհատական ղեկավարությանը, եւ այդ պատասխանատվությունը ստանձնեց հայ ազգային ազատագրական պայքարի հերոս Փարամազը՝ Մատթեոս Սարգսյանը, որի խումբն էլ մատնության հետեւանքով արդեն 1914-ին ձերբակալվեց եւ մեկ տարի անց՝ 1915 թվականի հունիսի 15-ին՝ շինծու դատավարությունից հետո կախաղան բարձրացվեց: Մեր 20 հերոսների մասունքների վերահուղարկավորությունը մի երազ էր, որը, մոտ ապագայում իրականություն կդառնա:

– Աճյունները բերվելու են Թուրքիայի՞ց:

– Բնական է, որովհետեւ մեր հերոսներն այնտեղ են հուղարկավորված: Իսկ թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով, կարծում եմ, որ դրա մասին պետք է խոսենք ավելի ուշ, երբ կունենանք կատարված փաստ:

-Իսկ որտե՞ղ են վերահուղարկավորվելու աճյունները: – Այժմ Հայաստանի պատկան մարմինների հետ բանակցություններ են ընթանում: Մենք վստահ ենք, որ նման համազգային իրադարձության համար պատվավոր տեղ կհատկացվի: Մենք մեծ շուքով պետք է նշենք այս իրադարձությունը: -Քսան հնչակյանները ֆիդայինե՞ր էին:

-Եվ այո՛, եվ ո՛չ: Այդ քսան հերոսների մեջ ամփոփված էր ողջ հայ ազգն՝ իր բոլոր շերտերով: Այնտեղ կային պարզ բանվոր մարդիկ, մտավորականներ, ուսանողներ, բժիշկներ: Նրանց սյունը՝ Փարամազը, Օսմանյան կայսրությունում ընկերվարության առաջին քարոզիչն էր, ինքնավար Հայաստանի համար մարտնչող առաջին եւ՛ մտավորականը եւ՛ զինվորը: Նա մարդ էր, որ կազմակերպել էր Կովկասի հայատյաց փոխարքա իշխան Գոլիցինի ահաբեկումը, մարդ, որ իր ջոկատներով մեծ մասնակցություն է ունեցել Զանգեզուրի դարասկզբի թաթարների հետ բախումներին, մարդ, որ Վանում կազմակերպում էր ինքնապաշտպանություն, միեւնույն ժամանակ թուրքերի եւ քրդերի շրջանում քարոզում ընկերվարություն եւ հավասարություն: Փարամազի անունն այժմ լեգենդ է ժամանակակից Թուրքիայում ապրող ժողովուրդների համար: Դերսիմի զազաները կամ ալեւիները, որ մշտապես եղել են Անկարայի գլխացավանքը, իրենց հիմնադիր համարում են Փարամազին: Քոբանիում, ԻՍԻՍ-ի ահաբեկիչների դեմ պայքարող քուրդ մի ազատամարտիկ, զոհվել էր՝ կրելով Փարամազ հեղափոխական ծածկանունը՝ Փարամազ Քզլբաշ: Փարամազի մասին թրքերեն գրքեր են տպվում, որոնցից վերջինը Քադիր Աքընի «Անատոլիացի հերոս Փարամազ» գիրքն էր: Կրկնում եմ, Փարամազը գիգանտ էր: Այժմ նրա եւ նրա ընկերների մասունքները պետք է բերվեն Հայաստան: Սա մեծ ու պատասխանատու գործ է, որի մասին առաջիկայում ավելի մեծ մանրամասներ կհրապարակվեն: Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում