Ադրբեջանին զենք վաճառող երկրները խախտում են Պրահայի համաձայնագիրը

Ադրբեջանին զենք վաճառող երկրները խախտում են Պրահայի համաձայնագիրը

Մամուլում պարբերաբար լուրեր են տարածվում, որ այս կամ այն պետությունը զենք և զինտեխնիկա վաճառեց Ադրբեջանին: Փաստացի պատերազմի մեջ գտնվող պետությանը զենքի վաճառքը նշանակում է մեծացնել նոր պատերազմի սանձազերծման վտանգը. ի վերջո պարզ է, եթե պետությունը նման տեմպերով զինվում է, ապա այդ զենքը մեկ օր կկիրառվի համապատասխան նշանակությամբ: Դեռևս Արցախյան պատերազմի տարիներին, երբ ռազմական գործողությունների ամենաեռուն շրջանն էր 1992 թ-ի փետրվարի 28-ին Պրահայում ստորագրվեց համաձայանագիր, որով արգելվում էր Արցախյան հակամարտության գոտի որևէ տեսակի զենքի փոխադրումները:

Այսօր կան երկրներ, որոնք հետևում են այդ համձայնագրի դրույթներին, իսկ որոշները, ինչպիսիք օրինակ Թուրքիան և Ռուսաստանն են, հաշվի չառան այդ արգելքը ո՛չ պատերազմական տարիներին, և ո՛չ առավել ևս այսօր:

Ադրբեջանի ԶՈՒ համալրման աղբյուրներն են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ռազմական արտադրանքը և արտաքին մատակարարողները։ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակաբար մեծածավալ ռազմական գնումներ է կատարում արտաքին մատակարարողներից։

Օրինակ` նախորդ տարի ԱՄՆ-ն մերժել է Ադրբեջանի հայցը Cougar և HMMWV ամենագնացների գնման վերաբերյալ՝ դրանք դուրս են բերվել Աֆղանստանից։ Այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը ռազմական աղբյուրների վրա հղումով: Թեև ակնկալվում էր, որ այդ ամենագնաց տրանսպորտային միջոցները կհամալրեն Աֆղանստանում Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների բրիգադի գույքը, սակայն ԱՄՆ-ն հրաժարվեց վաճառել մեքենաներն Ադրբեջանին։ Ամերիկյան կողմը մերժումը հիմնավորեց այն հանգամանքով, որ Վաշինգտոնը ղարաբաղյան հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու էմբարգո է սահմանել:

Համաձայն Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության զեկույցի, 2013 թվականին Գերմանիան գրեթե մեկ քառորդով ավելացրել է զենքի արտահանումը: Փաստաթղթում նշվում էր, որ 2013-ին ընդհանուր առմամբ մերժվել է ԳԴՀ-ից զենքի արտահանման 71 հայտ: Մերժված հայտերի ըդհանուր գումարը կազմել է 10,04 մլն եվրո:Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Ղազախստանն ու Ուկրաինան այն երկրների թվում են, ուր չի թույլատրվել զենք արտահանել:

Նախորդ տարի ամռանը մամուլում լուրեր շրջանառվեց, որ Ֆրանսիան պատրաստվում է զենք վաճառել Ադրբեջանին, սակայն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ «Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահող երկիր, որպես հակամարտող երկրների առաքելություն ստանձնած երկիր, անհնար է, որ հակառակվեր կամ չհարգեր այն բոլոր դրույթները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կամ հենց նույն ԵԱՀԿ-ի կողմից, և զենք վաճառեր հակամարտող կողմերից մեկին»:
Սակայն ԵԱՀԿ համանախագահ երկրներից Ռուսաստանը այսօր հանդիսանում է հակամարտության մասնակից երկու կողմերի զենքի հիմնական մատակարարը:

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտը 2013թ-ին զեկույց հրապարակեց, ըստ որի Ադրբեջանը Եվրոպայում հիմնական սպառազինության տեսակների երկրորդ խոշոր ներկրողն է Մեծ Բրիտանիայից հետո: Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ներկրման 12 տոկոսը, Ադրբեջանը երկրորդ տեղում է նույնպես 12 տոկոսով, իսկ երրորդը Հունաստանն է 11 տոկոսով:

Ընդ որում 2009-2013 թթ. 2004-2008 թթ համեմատ, սպառազինության ներկրումն Ադրբեջան ավելացել է 378 տոկոսով: Ադրբեջանի ռազմական ծախսերի մեծ մասն ուղղված է արտաքին ռազմական շուկաներից կատարված տեխնիկական, տեխնոլոգիական և արտոնագրային գնումներին։ Հիմնական երկրները, որոնց հետ ռազմական ոլորտում Ադրբեջանը համագործակցում է, հանդիսանում են Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, ՀԱՀ-ը: Ըստ զեկույցի, վերջին 5 տարում Ադրբեջան ներկրվող զենքի 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Եվ կրկին մենք կանգնում ենք նույն դիլեմայի առջև. մեր ռազմավարական դաշնակիցը մեր հակառակորդի սպառազինման հիմնական աղբյուրն է և ԵԱՀԿ Մինսկի խումբը միջոցներ չի ձեռնարկում կասեցնելու ՌԴ-ի գործունեությունը: Եվ հերթական անգամ պատասխանը մեկն է. ՀՀ-ի և Արցախի անվտանգության հիմնական գրավականը ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի պաշտպանության բանակի հզորությունն է, և չպետք է հույսը դնել նույնիսկ ռազմավարական դաշնակցի մեծահոգության վրա:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում