Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 25-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին` ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի:

Ողջունելով Վենետիկյան հանձնաժողովի ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ունեցած հոգևոր և ազգապահպան կարևոր առաքելությանը, ներկայացրել նաև Հայրենիքի անկախության պայմաններում Եկեղեցու հոգևոր կրթա-դաստիարակչական գործունեությունը:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունն ի դեմս հյուրերի գնահատանք է հայտնել Վենետիկի հանձնաժողովին` օրենքների մշակման գործում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության և խորհրդատվության համար: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը վստահությամբ է ընդգծել, որ հանձնաժողովի ներկայացուցիչների այցը Հայաստան կնպաստի լավագույնս հասկանալու Հայաստանի բնակչության մտածելակերպը, մշակույթը և քրիստոնեական արժեքների վրա խարսխված արժեհամակարգը:

Իր հերթին պրն. Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացը և անցնող օրերի ընթացքում հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կատարած աշխատանքը` մասնավորապես ընդգծելով, որ արդեն հանրային քննարկման ներկայացված նախագիծն իրավական, ժողովրդավարական պետության կայուն սահմանադրական նախադրյալներ է ստեղծում:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև երկրում առկա կրոնական ազատություններին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին: Զրուցակիցները կարևորությամբ ընդգծել են Եկեղեցու դերը հասարակության կյանքում խաղաղության ու համերաշխության պահպանման, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում