Հնարավոր չէ միանշանակորեն ասել՝ սահմանադրական բարեփոխումները լավն են կամ վատը. քաղաքական վերլուծաբան

Հնարավոր չէ միանշանակորեն ասել՝ սահմանադրական բարեփոխումները լավն են կամ վատը. քաղաքական վերլուծաբան

Սահմանադրական բարեփոխումների մասին հնարավոր չէ միանշանակորեն ասել՝ լավն են կամ վատը: Իրականում, կան կարևոր փոփոխություններ, որոնք հիմնականում դուրս են մնում հանրության ուշադրությունից: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը: Որպես կարեւոր փոփոխության օրինակ բանախոսը մատնանշում է մեկ բառի փոփոխության դրույթը՝ գործող սահմանադրությամբ ամրագրված է, որ քաղաքացին պարտավոր է ենթարկվել դատարանի որոշմանը: Մինչդեռ, սահմանադրության փոփոխության նախագծում գրված է՝ քաղաքացին պարտավոր է ենթարկվել դատարանի իրավաչափ որոշմանը: «Այսինքն՝ կան այնպիսի փոփոխություններ, որոնք տրամաբանական են, ռացիոնալ և դրանք վաղուց էր պետք է անել: Այս իմաստով սահմանադրական բարեփոխումները դրական են: Փոփոխություններ կան, որոնք հարցեր են առաջացնում, և երևի թե պետք է լրացվեն կամ պարզաբանվեն»,-նկատել է նա:

Մովսես Դեմիրճյանի խոսքով՝ սահմանադրությունը պետք է ինչ-որ ժամանակ աշխատի, որպեսզի սոցիալական իրականության հետ նրա հարաբերությունը, հնարավոր հակասությունները բացահայտվեն: Իսկ գործող սահմանդրությունն ինչ-որ առումով արդեն չի համապատասխանում նոր զարգացումներին: «Օրինակ՝ գործող սահմանադրությամբ ՏԻՄ ղեկավարները չեն հանդիսանում պետության ներկայացուցիչ, այսինքն՝ քաղաքի կամ գյուղի ղեկավարը պետության ներկայացուցիչ չէ: Գործող սահմանադրությունում գրված է, որ մարդու հիմնարար ազատությունները և իրավունքները պաշտպանվում են պետության կողմից, բայց դա նշանակումն է, որ, օրինակ, նրանք չեն պաշտպանվում համայնքի ղեկավարի կողմից: Նոր սահմանադրության նախագծով՝ «պետություն» բառը հանված է, տեղը գրված է՝ «հանրային իշխանություն», որի մեջ մտնում է նաև ՏԻՄ-ը: Այսինքն՝ որոշ ոլորտներում մեր կյանքն առաջ է գնացել, և 2005-ի փոփոխություններով գործող սահմանադրությունը, իրականում, արդեն պետք է փոխվեր»,-պարզաբանել է բանախոսը:

Քաղաքական վերլուծաբանն ընդունում է, որ շատ- շատ կետերով այդ փոփոխություններն անհրաժեշտություն էր, սակայն միաժամանակ հավելում է, որ ամենախնդրահարույց փոփոխությունը կատարվել է ընտրություններին վերաբերող հոդվածում, ինչն էլ նշանակում է, որ հնարավոր չէ միանշանակորեն պնդել, թե բարեփոխումները լավ են, թե ոչ:

Նոր սահմանադրության նախագիծն ավելի մեծ պատասխանատվություն է դնում կուսակցությունների վրա, նրանք ստիպված են լինելու ընտրողի հետ ավելի սերտորեն աշխատել, ավելի ռացիոնալ և տրամաբանական դաշտում: Թե որքանո՞վ կաշխատեն այս փոփոխությունները, Դեմիրճյանը դժվարանում է ասել, սակայն ընդգծում է. «բայց փաստն այն է, որ կառավարման այն ձևը, որը ենթադրում է նոր սահմանադրությունը, ավելի մեծ չափով ընկնում է հենց կուսակցությունների և քաղաքական դաշինքների, ոչ թե անձանց կամ անձի վրա»:

«Կուսակցությունների միջև մրցակցություն ապահովելու, կուսակցություններին ավելի լավ աշխատելուն մոտիվացնելու տեսանկյունից, սա լավ բան է: Գործող սահմանադրությամբ՝ նախագահի պարտավորությունները շատ են, նոր սահմանադրության նախագծով՝ որոշ պարտականություններ, լիազորություններ վերապահվում են ոչ թե մեկ անձի կամ անձերի, այլ՝ քաղաքականության սուբյեկտներին` կուսակցություններին: Սա եվրոպականացման ճանապարհին նոր, հերթական քայլ է, որը նորմալ քայլ է: Չգիտեմ, մեր կուսակցությունները պատրա՞ստ են դրան, թե՞ ոչ, խնդիրն արդեն ոչ թե օրենքի մեջ է, այլ կուսակցութունների»,-ընդգծել է բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում