«Հրապարակ». Դատական դեպարտամենտի ղեկավարը ուռճացնում է համակարգը

«Հրապարակ». Դատական դեպարտամենտի ղեկավարը ուռճացնում է համակարգը

«Բոլորովին վերջերս՝ հուլիսի 30-ին, Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանը որոշում է ընդունել ՀՀ դատական դեպարտամենտի կազմն ընդլայնելու մասին։ Այս որոշումը, մեր տեղեկություններով, անցկացրել է Դատական դեպարտամենտի նոր ղեկավար Կարեն Փոլադյանը, որն առայժմ մութ ֆիգուր է մամուլի համար, այլ կերպ ասած՝ ոչ լավով է առանձնացել, ոչ վատով։ Չնայած կան կարծիքներ, և դրանք մեզ հասել են հենց նույն Դատական դեպարտամենտի աշխատողների շրջանից՝ որ ժամանակին հենց Կարեն Փոլադյանն է անանուն նամակներ գրել տարբեր մարմիններին՝ մատնանշելով դեպարտամենտի Նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի կատարած խախտումները և այն, որ դեպարտամենտը դարձել է «Միսակնոց»։ Դրանից հետո սկսվեց Մարտիրոսյանի անկումը, ինչն ավարտվեց Միսակ Մարտիրոսյանի ազատազրկմամբ և «կարգադրիչների գործով»։ Դատական դեպարտամենտի ներսում կազմակերպված կոռուպցիոներների մի ամբողջ խումբ բացահայտվեց, և թվում էր, թե գոնե սրանից հետո համակարգը հնարավորինս կպարզեցվի, թափանցիկ և թեթև կաշխատի, հասկանալի կլինի հանրության համար։ Իրականում, սակայն, ճիշտ հակառակն է նկատվում։

Հուլիսի 30-ի որոշմամբ համակարգում անիմաստ պաշտոններ են ավելացել՝ դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, վարչության պետեր, ամեն վարչության մեջ էլ՝ երեք բաժնի պետ։ Թե ինչպես են նշանակում այս պաշտոններին, տեղեկացանք «կարգադրիչների գործի» քննությանը հետևելիս։ Ահա թե ինչ է մեզ ասում Դատական դեպարտամենտի աշխատակիցներից մեկը. «Մի հատ գեներալսկի պաշտոն են բացել, նախկին վարչության պետի պաշտոնը դարձրել են դեպարտամենտի տեղակալ ու շնորհում են գեներալ-մայորի կոչում։ էդ վարչության մեջ էլ՝ երկու տեղակալ, ամեն տեղակալն էլ իր համար երկու բաժին ունի, որոնք էլ, դե, բնականաբար՝ բաժնի պետեր։ Հիմա ասում են, թե բյուջեն լավ վիճակում չէ, բա եթե տենց է, ինչի՞ են էդ ձրիակերներին էդքան շատացնում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում