Սեպտեմբերի 1-ի գիշերը Նեպտունը դիտելու լավագույն ժամանակն է

Սեպտեմբերի 1-ի գիշերը Նեպտունը դիտելու լավագույն ժամանակն է

Արեգակնային համակարգի ամենահեռավոր մոլորակը` Նեպտունը, սեպտեմբերի 1-ի գիշերն առավել տեսանելի կլինի Երկիր մոլորակից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայկական աստղագիտական ընկերությանը, ամբողջ տարվա ընթացքում հենց այդ գիշերն է Նեպտունը դիտելու լավագույն ժամանակը:

Երկիրը` շարժվելով իր ուղեծրով, անցնում է Արեգակի և Նեպտունի միջև ընկած տարածությունով: Այդ պահին մոլորակն ամենամոտն է Երկրին, և ամբողջապես դիտվում է Արեգակի կողմից մոլորակի լուսավորված կեսը (ինչպես օրինակ Լուսինը Լիալուսնի ժամանակ): Դիմակայությունը տեղի է ունենում ամեն տարի, քանի որ Երկիրն ավելի արագ է պտտվում Արեգակի շուրջը, քան արտաքին մոլորակները և, նրանց շրջանցելով, հայտնվում է Արեգակի և մոլորակի միջև: Օրինակ, Նեպտունի դիմակայությունն ամեն անգամ տեղի է ունենում նախորդ տարվանից 2 օր ուշ (2016-ին տեղի կունենա սեպտեմբերի 3-ին): Այդ օրերին Նեպտունը գտնվում է Այծեղջյուրի և Ջրհոսի համաստեղությունների սահմանի վրա: Նեպտունի պայծառությունը (7.66-7.83 աստղային մեծություն) թույլ է տալիս այն դիտել սիրողական աստղադիտակներով:

Նեպտունը Արեգակնային համակարգի ութերորդ մոլորակն է, նրա հայտնաբերումը կապված է երեք գիտնականների անվան հետ. Ուրանի ուղեծրի անսպասելի փոփոխությունները ֆրանսիացի Ալեքսիս Բուվարին թույլ տվեցին ենթադրել, որ գոյություն ունի ևս մեկ մոլորակ, այնուհետև մեկ այլ ֆրանսիացի` Ուրբան Լեվերիեն, հաշվարկեց ենթադրյալ մոլորակի դիրքը և 1846թ. սեպտեմբերի 23-ին գերմանացի Յոհան Գոտֆրիդ Գալլեն մոտավորապես այդ տիրույթում հայտնաբերեց նոր մոլորակը:

Նեպտունը հաճախ անվանում են երկնագույն մոլորակ, սակայն սիրողական աստղադիտակով նայելիս մոլորակի գույնն այնքան էլ հստակ չի զգացվում: Իր չափերով այն զիջում է միայն Յուպիտերին, Սատուրնին և Ուրանին, տրամագծով Երկրից մեծ է 3.9 անգամ, զանգվածով` 17 անգամ, իսկ խտությամբ փոքր է 3.4 անգամ: Նրա հեռավորությունը Երկրից տատանվում է 4.2-4.7 միլիարդ կմ սահմաններում: Մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է Ցելսիուսի -218-ից -223 աստիճանի սահմաններում: Նեպտունի մթնոլորտում գրանցվել են Արեգակնային համակարգի ամենուժեղ քամիները, որոնց արագությունը հասնում է 2100 կմ/ժ-ի: Նեպտունի օրվա տևողությունն է 16 ժամ, իսկ Արեգակի շուրջ պտույտ է կատարում 163.7 երկրային տարում: Նեպտունն ունի 13 արբանյակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում