Արա Պապյանը Թուրքիայում տիրող իրավիճակը նպաստավոր է համարում Հայաստանի համար

Արա Պապյանը Թուրքիայում տիրող իրավիճակը նպաստավոր է համարում Հայաստանի համար

Քաղաքագետ Արա Պապյանը Հայաստանի համար նպաստավոր է համարում Թուրքիայում ստեղծված իրավիճակը: Նրա խոսքով՝ Թուրքիան հիմա ավելի շատ զբաղված է ներքին խնդիրները կարգավորելու գործով և նվազեցրել է հետաքրքրությունը Հարավային Կովկասում և հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը Պապյանն այս առումով կարևորեց այն հանգամանքը, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում քրդական կուսակցությունը հավաքեց ձայների 14 տոկոսը, ինչը նրան հնարավորություն տվեց խորհրդարանում 4-րդ քաղաքական ուժը լինել: «Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր չեղավ կառավարություն ձևավորել, որի հետևանքով նշանակվել են նոր ընտրություններ: Բացի այդ, քրդական շարժումը նոր թափ է ստացել, ուստի Հայաստանի համար աշխարհաքաղաքական առումով նպաստավոր իրավիճակ է ստեղծվել, քանի որ Թուրքիան զբաղված է իր ներքին խնդիրներով և նվազեցրել է հետաքրքությունը Հարավային Կովկասում և հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Հայաստանը պետք է կարողանա օգտվել այս իրավիճակից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պապյանը:

Նա նաև նկատեց, որ գնալով վատանում են Արևմուտքի և Թուրքիայի հարաբերությունները: Միջազգայնագետի խոսքով՝ Արևմուտքը չի անտեսում Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարաբերությունները, թեև բացահայտ դրան չի էլ անդրադառնում: Նա նաև ընդգծեց, որ Թուրքիան, օգտագործելով «Իսլամական պետության» դեմ պայքարը, փորձում է իր մանր շահն ունենալ մեծ խաղի մեջ, որն է քրիստոնյաների դեմ պայքարը:

Պապյանը Թուրքիայում խորհրդարանական նոր ընտրություններին ընդառաջ այդ երկրում ազգայնականության դրսոևորումների ավելացում է կանխատեսում, կլինեն ավելի շատ հակահայկական հայտարարություններ: «Սպասեք, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ Թուրքիայում հակահայկական և հակաքրիստոնեական ալիք կբարձրանա»,- ասաց բանախոսը:

Պապյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում տիրող իրավիճակն՝ ընդգծելով, որ նավթի գների անկումը բացասաբար է ազդել Ադրբեջանի տնտեսության վրա, ինչի հետևանքով նվազել է սպառազինությունը: Նրա գնահտամամբ՝ Արևմուտքը դեռ երկար է նավթի գները ցածր պահելու՝ Ռուսաստանին ճնշելու համար, ինչն էլ ավելի կվատթարացնի Ադրբեջանի վիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում