ԴԱՀԿ-ն «Հիշատակի հերթափոխ-2015»-ի շրջանակում արժանացել է Հայրենական պատերազմի 70-ամյակին նվիրված հուշամեդալի

ԴԱՀԿ-ն «Հիշատակի հերթափոխ-2015»-ի շրջանակում արժանացել է Հայրենական պատերազմի 70-ամյակին նվիրված հուշամեդալի

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն օգոստոսի 31-ին ընդունել է ՌԴ Նովգորոդի մարզում անցկացված «Հիշատակի հերթափոխ-2015» միջազգային ուսումնագործնական հավաքից մեդալով և պատվոգրերով վերադարձած Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին, հետաքրքրվել հայկական կողմի ջոկատի մասնակցության արդյունքներով:

Ինչպես տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, աշխատակիցները տեղեկացրել են, որ Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված հուշամեդալին արժանացել է միայն Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը: Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն այս տարի ևս արժանացել են ՌԴ գործընկերների և անձամբ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի ջերմ ընդունելությանը:

«Հիշատակի հերթափոխ-2015» միջազգային ուսումնագործնական 5-րդ հավաքին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, ինչպես նաև Բելառուսի համանուն ծառայությունների ավելի քան 250 սպաներ:

Հայաստանի հարկադիր կատարողները համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում գտել են մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհայտ կորած զինվորների մասունքներ և զինվորական պատվով հողին հանձնել Ստարոռուսկի շրջանի Դավիդովո գյուղի եղբայրական գերեզմանում:

Համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները իրենց հետ բերել են Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած, անհայտ կորած համարվող 15 հայորդիների գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, որը կտրամադրվի Պատերազմի և Հայաստանի զինված ուժերի վետերանների հանրապետական կոմիտեին:

Չորս տարի առաջ համատեղ որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում գտնվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1919թ. ծնված Ավետիք Վահանի Հովհաննիսյանի գերեզմանը, ով 1942 թվականից անհայտ կորած էր համարվում: Նրա աճյունը թաղված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում: Ավետիք Հովհաննիսյանի հարազատները, նախապես տեղեկանալով, որ Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մեկնելու են ՌԴ՝ մասնակցելու «Հիշատակի Հերթափոխ-2015» հերթական հավաքին, խնդրել են Հայաստանից մի բուռ հող տանել և լցնել հանգուցյալի շիրիմին. հարկադիր կատարողները զինվորական պատվով են կատարել Ավետիք Հովհաննիսյանի հարազատների խնդրանքը:

«Հիշատակի հերթափոխ-2015» միջոցառումը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին և պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում