Հանրապետություն է ներկրվել աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու

Հանրապետություն է ներկրվել աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու

«Հայաստանի Հանրապետությունում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն է ներկրկվել 40 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացուի խմբաքանակը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 31-ին այցելել է Մասիսում գտնվող պահեստ և անձամբ հետևել աշնանացան ցորենի սերմացուի բեռնաթափման և բաշխման գործընթացին:

Ներկրված սերմացուն հատկացվելու է Շիրակի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ցորենի սերմնաբուծությամբ զբաղվող այն ֆերմերներին, որոնք նախկինում ընդգրկված են եղել նշված ծրագրում և ունեն յոթ և ավելի հեկտար ջրովի վարելահողեր: Ներկրված սերմացուից ակնկալվում է ստանալ մեկ հեկտարից նվազագույնը 50 ցենտներ ցորենի բերք: Սերմացուի մի մասը կտրամադրվի «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ին:

Սերմացուն տրամադրվել է շահառուներին 2015 թվականի աշնանացանի աշխատանքները ժամանակին կատարելու, ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացման նպատակով: «Ծրագրի շնորհիվ, վերջին հինգ տարիներին սերմնաբուծության ոլորտում մեզ հաջողվել է հասնել բարձր արդյունքների. միայն այս տարի հացահատիկային մշակաբույսերի շուրջ 11 հազար հեկտար լրացուցիչ ցանք է իրականացվել: Ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարի հաշվով 2014 թվականին ավելացել է 83 տոկոսով, իսկ 2015 թվականին բերքի համախառն արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը»,- նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Ադրադառնալով հացահատիկի բերքահավաքի աշխատանքներին` նախարարը նշել է, որ դրանք կավարտվեն 10 օրվա ընթացքում, ակնկալվում է, որ այս տարի կգերազանցվեն վերոգրյալ ցուցանիշները: Նախարարը հավելել է, որ ընթացիկ տարում աշնանացան ցորենի պահանջարկը մարզերի կողմից կազմում է 3 875 տոննա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը զեկուցել է նախարարին, որ ծրագրով նախատեսված է հանրապետություն ներկրել 1509 տոննա առաջին վերարտադրության և 40 տոննա սուպերէլիտային սերմեր, որից օգոստոսի 31-ի դրությամբ արդեն ներմուծվել է 1300 տոննա առաջին վերարտադրության և 40 տոննա սուպերէլիտային սերմեր: Մնացած խմբաքանակը հանրապետություն կժամանի մինչև սեպտեմբերի 8-ը:

Ֆերմեր Վռամ Գյուլզադյանը, ով արդեն 4 տարի է, ինչ ծրագրի շահառուներից է, հաջողված է համարում այս ծրագիրը և նշել է, որ ձեռքբերված էլիտային սերմացուից հեկտարից միջինը 7 տոննա բերք է ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում