Մարալիկում սեպտեմբերի 13-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են

Մարալիկում սեպտեմբերի 13-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սեպտեմբերի 13-ին կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս ընտրություններին նախապես առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԲՀԿ ներկայացուցիչ Արտակ Ավդալյանը, ով ինքնառաջադրվել է, աշխատում է Մարալիկի քաղաքապետարանում որպես տեսուչ, ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը՝ առաջադրվելով կուսակցության կողմից, և ինքնաառաջադրված, անկուսակցական Տոնական Գրիգորյանը, ով «Հանգրվան» ՊՈԱԿ-ում աշխատում է որպես պարետ: Վերջինս արդեն հանել է իր թեկնածությունը:

Ի դեպ, Արտակ Գևորգյանն առաջադրվում է արդեն չորրորդ անգամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Կառլեն Աբրահամյանը, Մարալիկում «թեժ» ընտրություններ սպասվում են ոչ միայն թեկնածուների կուսակցական լինելու, այլ նաև անձերի պատճառով: «Անձի գործոնը շատ մեծ դեր է խաղում: Մենք ունենք համայնքի շատ լավ ղեկավարներ, ովքեր անկուսակցական են: Այստեղ երկու գործոնն էլ կա: Բայց, այո՛ պայքար սպասվում է»,- նկատեց Կառլեն Աբրահամյանը՝ նշելով որ այս պահին ամեն ինչ արվում է ընտրությունները նորմալ կազմակերպելու համար:

Մարալիկն ունի 5317 ընտրող:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում