ՀՆԱ-ի 4% աճի դրական ալիքները տարածվել են գրեթե ամբողջ բնակչության վրա

ՀՆԱ-ի 4% աճի դրական ալիքները տարածվել են գրեթե ամբողջ բնակչության վրա

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների 2015թ. երկրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) շուկայական գներով կազմել է մոտ 1.1 մլրդ. դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ (իրական աճ) աճել է` 5.1%-ով, այդպիսով այս տարվա առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է մոտ 4%: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ը երկրորդ եռամսյակում կազմել է 369 հազ. դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է մոտ 17%-ով:

ՀՆԱ աճը պայմանավորված է գյուղատնտեսության, արտադրության, շինարարության և ծառայությունների համապատասխանաբար` 14.5%, 5.1%, 0.6% և 3.3% աճով: Իսկ ՀՆԱ աճի տեմպը փոքր ինչ դանդաղել է առևտրաշրջանառության 5.1% նվազմամբ:

Քանի որ ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչության մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության, ծառայության և արդյունաբերության ճյուղերում, նշանակում է բարձրացել է բնակչության մեծ մասի կենսամակարդակը, որի ևս մեկ ապացույցն է միջին ամսական անվանական աշխատավարձի աճը` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նմակտմամբ մոտ 10%-ով, ինչը գրեթե 2.5 անգամ ավելի արագ է քան ՀՆԱ-ի աճի տեմպը, ինչից հետևում է, որ Ազգային եկամտի կառուցվածքի մեջ մեծացել է աշխատավարձի մասնաբաժինը, այսինքն տեղի է ունեցել կապիտալի ցրում դեպի ավելի ցածր կենսամակարդակային շերտեր:

Չնայած ՀՆԱ-ի 4% աճին նվազել է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մակարդակը` կրճատվել են արտաքին առևտրաշրջանառությունը, արտաքին տրանսֆերտները և օտարերկրյա ներդրումները: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 20.6%-ով, ինչը տեղի է ունեցել հիմնականում ներմուծման 27.2% կրճատման հաշվին, իսկ դա իր հերթին պայմանավորված է արտաքին տրանսֆերտների կրճատման ու դրանից բխող ներքին առևտրաշրջանառության նվազմամբ:

Այսպիսով առաջին կիսամյակում տնտեսության 4%-անոց աճի դրական ալիքները տարածվել են բնակչության գրեթե բոլոր շերտերի վրա, սակայն առևտրի ոլորտի անկումը բացասական ազդեցություն է թողել ոլորտի ձեռնարկությունների վրա, ինչը հաջորդ ժամանակաշրջաններում կարող է բերել ոլորտի աշխատկիցների աշխատանքային պայմանների վատթարացման: Իսկ արտաքին առևտրաշրջանառության նվազման հիմնական բացասական ազդեցությունը կարող է լինել արտաքին շուկաների կորուստը և գործընկերների հետ հարաբերությունների խզումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում