Ամեն կերպ պետք է թույլ չտալ Կովկասում ինտերնետ մատակարարող կաբելի գնումը ադրբեջանական ընկերության կողմից

Ամեն կերպ պետք է թույլ չտալ Կովկասում ինտերնետ մատակարարող կաբելի գնումը ադրբեջանական ընկերության կողմից

Ադրբեջանական ընկերության կողմից Կովկասում ինտերնետ մատակարարող Վրաստանի Caucasus Online խոշորագույն ինտերնետ պրովայդերի 1200 կմ երկարությամբ օպտիկա-մալուխային կաբելի գնման պարագայում Հայաստանի համար երկու մեծ վտանգ կարող է առաջանալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա առաջնահերթ հայտնեց, որ նշյալ տեղեկությունը դեռևս պարզ չէ որքանով է հավաստի, քանի որ տարբեր աղբյուրից դեռևս հաստատում չկա: «Հնարավոր է` ուղղակի «սենսացիոն» նորություն է: Բայց կարող է իրականությանը նաև համապատասխանել: Այդ դեպքում երկու գլոբալ վտանգ կարող է առաջանալ: Առաջինը` տրաֆիկի վերահսկողություն կիրականացվի, այսինքն` Ադրբեջանը հետախուզական աշխատանքներ կսկսի համացանցի միջոցով, երկրորդը` հնարավոր հակամարտության սրացման դեպքում կկարողանա Հայաստանը շատ արագ զրկել կապից»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նա նկատեց, որ դա Ադրբեջանի կողմից զուտ բիզնես գործարք չի կարող լինել, քաղաքական շահեր ևս կան, որը Վրաստանում պետք է հաշվի առնեն: «Այնպես որ ամեն կերպ չպետք է թույլ տալ նման գործարքի իրականացումը»,- նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի համար այլընտրանքային ինտերնետ-պրովայդերի առկայությանը, ապա Սամվել Մարտիրոսյանի խոսքով` Իրանի միջոցով կա ելք, որը շատ ավելի թույլ է: «Վրացականը մեր հիմնական ռազմավարական ելքն է դեպի աշխարհ»,- հայտնեց փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում