Մոսկվայում առաջին անգամ ներկայացվել է հայկական «5900-BC» ապրանքանիշը

Մոսկվայում առաջին անգամ ներկայացվել է հայկական «5900-BC» ապրանքանիշը

Մոսկվայում այսօր բացվել է «CPM-Collection Premiere Moscow» միջազգային ցուցահանդեսը: Մեկ միասնական՝ «5900-BC» ապրանքանիշի ներքո Մոսկվայի հանրահայտ «CPM-Collection Premiere Moscow» ցուցահանդեսում ներկայացվել են հայաստանյան թեթև արդյունաբերության նմուշներ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ներգրավված հայաստանցի, իտալացի և գերմանացի բարձրակարգ դիզայներ-մոդելավորողները հայկական ընկերություններին օգնել են մշակել մոդելային շարք՝ հատուկ այս ցուցահանդեսին մասնակցելու համար:

Հայկական տաղավարը ներառում է մեր երկրի 9 ընկերությունների արտադրանք: Իսկ «5900-BC» ապրանքանիշն ակնարկում է Հայաստանի թեթև արդյունաբերության հնամենի ավանդույթների մասին` խորհրդանշելով Հայաստանում հայտնաբերված կանացի ծղոտե շրջազգեստը, որը մասնագետների կողմից թվագրվել է մինչև Քրսիտոսի ծննուդը 5900-ական թվականներին: Ցուցահանդեսը կտևի սեպտեմբերի 2-5-ը:

«CPM-Collection Premiere Moscow»-ն Ռուսաստանի Դաշնությունում թեթև արդյունաբերության ոլորտում ամենաճանաչվածներից է: Ցուցահանդեսի հիմնական այցելուները ոլորտի արտադրանքի պատվիրատուները և ոլորտում մասնագիտացված լրատվամիջոցների ներկայացուցիչներն են: Ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 20 երկիր, այդ թվում՝ Ավստրիան, Կանադան, Չինաստանը, Խորվաթիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ղազախստանը և այլն: Այս տարի ներկայացվում է շուրջ 1000 հավաքածու:

«Նման մեծամասշտաբ ու ճանաչված էքսպոյին մասնակցությունը, վստահաբար, կխթանի հայկական արտադրանքի առաջմղումը արտաքին շուկայում, ինչպես նաև այն լավ առիթ է ներկայացնելու հայկական թեթև արդյունաբերության հնարավորությունները»,- ցուցահանդեսի բացման առնչությամբ նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Արման Խաչատրյանը:

Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանը, հավաքածուի մշակմանը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ աջակցել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում