Հանրապետության ավագ դպրոցներում կանցկացվեն ցեղասպանությունների դատապարտման թեմայով բաց դասեր

Հանրապետության ավագ դպրոցներում կանցկացվեն ցեղասպանությունների դատապարտման թեմայով բաց դասեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է կրթության և գիտության ոլորտում հայ-իսրայելական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորու թյունը:

Նախարարը նշել է, որ կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը հիմնականում միջբուհական հարթությունում է: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ հոկտեմբեր-նոյեմբերին հանրապետության ավագ դպրոցներում կիրականացվեն բաց դասեր` նվիրված Մեծ Եղեռնի, Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություններին: Նախարարն ընդգծել է, որ ինքը ևս կվարի բաց դաս, որի ընթացքում կանդրադառնա նաև Հոլոքոստին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությանը, որը, ըստ նախարարի, վերջին շրջանում համալրվել է ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ վավերագրություններով ու փաստաթղթերով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գիտահետազոտական ոլորտում համագործակցության ընդլայնումը: Նախարարը, մասնավորապես, նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության զարգացման հարցերով:

Հանդիպման ավարտին անդադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին, ինչպես նաև նոր նախագծեր իրականացնելու հնարավորությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում