Չինաստանը բանակի թվաքանակը կկրճատի 300 հազարով. Սի Ցզինպին

Չինաստանը բանակի թվաքանակը կկրճատի 300 հազարով. Սի Ցզինպին

Չինաստանը մտադիր է իր բանակի թվաքանակը կրճատել 300 հազարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:

«Չինաստանն իր բանակի թվաքանակը կկրճատի 300 հազարով»,- ասել է նա Ճապոնիային դիմադրության պատերազմում չին ժողովրդի տարած հաղթանակի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի առիթվ անցկացված զորահանդեսի ժամանակ:

Նա ընդգծել է, որ Չինաստանը ձգտում է խաղաղության եւ ընթանալու է խաղաղ զարգացման ճանապարհով: «Չինաստանը երբեք չի ձգտելու հասնել գերիշխանության եւ չի զբաղվելու էքսպանսիայով»,- հավաստիացրել է Ցզինպինը:

ՉԺՀ-ի Ժողովրդաազատագրական բանակը խոշորագույնն է աշխարհում: Դրա թվաքանակը, ըստ տարբեր գնահատումների, կազմում է մոտավորապես 2,3 մլն:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Պեկինի Տյանանմեն հրապարակում սեպտեմբերի 3-ին ազնցակցված զորահանդեսին մասնակցել են շուրջ 12 հազար զինծառայողներ, 500 միավոր ռազմական տեխնիկա եւ ավելի քան 200 ինքնաթիռ, ինչպես նաեւ աշխարհի 17 երկրների շուրջ հազար զինծառայողներ:

ՏԱՍՍ-ը հավելում Է, որ զորահանդեսի ընթացքում տրիբունայում եղել են աշխարհի 49 երկրների պաշտոնատարներ, որոնցից 30-ը ներկայացված Էին պետությունների նախագահներով եւ կառավարությունների ղեկավարներով: Հյուրերի թվում Էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա պատվավոր տեղ Էր զբաղեցրել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի կողքին:

Տրիբունայում ներկա Էին նաեւ Բելառուսի, Եգիպտոսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Կորեայի Հանրապետության, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Չեխիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության եւ այլ պետությունների ղեկավարները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Արեւմտյան երկրների ոչ մեծաթիվ ներկայացուցիչների թվում Էին ԳՖՀ-ի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը եւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում