Դատարանը պահանջել է Դինքի գործով անցնող պետպաշտոնյաների հարցաքննության փաստաթղթերը

Դատարանը պահանջել է Դինքի գործով անցնող պետպաշտոնյաների հարցաքննության փաստաթղթերը

«Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը վերանայող Ստամբուլի թիվ 5 ծանր հանցագործություների դատարանը Գլխավոր դատախազությունից պահանջել է ներկայացնել գործով անցնող` Ստամբուլի եւ Տրապիզոնի ոստիկանությունների պաշտոնյաների, ինչպես նաեւ սպանության մեղադրանքներով դատապարտված Օգյուն Սամասթի, Յասին Հայալի եւ Էրհան Թունջել հարցաքննությունների փաստաթղթերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս»-ը, դրանով դատարանը կատարել է Դինքի ընտանիքի փաստաբանների պահանջը, որոնք շարունակաբար պնդում են, որ գործով անցնող պետպաշտոնյաների եւ դատապարտված հանցագործների գործերը պետք է քննվեն մեկ դատական գործով: Փաստաբանները նաեւ պնդել են, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունում Սամասթի, Հայալի եւ Թունջելի հարցաքննության տվյալները խիստ տարբերվում են դատարանում նրանց հնչեցրած արտահայտություններից:

Բացի այդ, դատարանը գրություն է ուղարկել Դինքի սպանության հետ կապված տեսանյութերի ուսումնասիրությամբ զբաղվող Թուրքիայի գիտատեխնիկական ուսումնասիրությունների ընկերությանը (TUBIKAT)` պահանջելով ավարտին հասցնել ուսումնասիրություններն այն տեսանյութերի, որոնց հետ աշխատանքները դեռ չեն ավարտվել:

TUBIKAT-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դինքի սպանության գործով տեսանյութերի վերծանման աշխատանքները չեն կարողանում ավարտին հասցնել «համապատասխան մասնագետներ» չունենալու պատճառով:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում