ԵԽԽՎ նախագահը մտահոգված է Ադրբեջանում առկա բռնաճնշումներով

ԵԽԽՎ նախագահը մտահոգված է Ադրբեջանում առկա բռնաճնշումներով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորն իր մտահոգությունն է հայտնել ադրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի աշխատակից Խադիջա Իսմայիլովային 7,5 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես »-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

«Ես արդեն բազմիցս հայտնել եմ իմ տարակուսանքը Իսմայիլովայի դեմ հավաստի մեղադրանքների առկայության վերաբերյալ: Վճիռն ակնհայտ կերպով անհամաչափ է և լուրջ մտահոգություններ է առաջացնում՝ հաշվի առնելով Ադրբեջանում համակարգային խնդիրները և անկախ դատական համակարգի բացակայությունը»,- նշել է Բրասյորը:

Նա հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել բռնաճնշումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, անկախ լրագրողների նկատմամբ և կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: «Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները հարգելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը լուրջ կասկածներ է առաջացնում»,- նշել է ԵԽԽՎ նախագահը՝ հավելելով, որ այս հարցը կբարձրացնի Ադրբեջանի մեջլիսի խոսնակի հետ հանդիպման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում