Շառլ Ազնավուրին տարիքը չի հետաքրքրում

Շառլ Ազնավուրին տարիքը չի հետաքրքրում

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը խոստովանել է, որ իր տարիքն իրեն չի հետաքրքրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` purepeople.com կայքը սիրված երգչի փարիզյան համերգների առթիվ նրա մասին ընդգրկուն հոդված է պատրաստել: Կայքը գրում է, որ «La Boheme»-ի կատարողն սեպտեմբերյան համերգների ժամանակ հանրությանը կներկայացնի իր հանրահայտ և «Encores» ալբոմի ստեղծագործությունները:

Ազնավուրը խոստովանել է, որ արդեն տասն անգամ փոխել է ծրագիրը: «Ո՞ր երգով սկսել, հետո ո՞րը կատարել, ինչպե՞ս ավարտել: Այս բոլոր հարցերը կարևոր են: Ես արհեստավոր եմ, ով միշտ փորձում է կատարելագործվել: Ես կերգեմ 30 երգ. կլինի սովորականից 8 երգով ավելի: Ազատ մարդ եմ, երգում եմ այն, ինչ ուզում եմ»,- նշել է Շառլ Ազնավուրը:

Երգիչը խոստովանել է, որ եթե թողնի բեմը, իր կյանքը կվերջանա: «Դուք կարծում եք՝ ես ուզո՞ւմ եմ մեռնել»,- նշել է նա: Ազնավուրը հավելել է, որ իրեն կուրախացնի մի բան` որ մարդիկ երգեն իր երգերից մեկն այն ժամանակ, երբ ինքն այլևս չլինի:

Ազնավուրը նշել է, որ անգլիական մամուլն իրեն նվիրել է լավագույն հոդվածը, որ արվեստագետը կարող էր ստանալ:

«Ինձ պատվել են որպես հեղինակի: Մինչդեռ Ֆրանսիայում ինձ միևնույն շարքում չեն դասում նրանց հետ, որոնցով ես հիանում եմ: Թերթերում ես միշտ փոքր հայն եմ՝ ներգաղթյալների զավակ: Նրանք խոսում են իմ հագուստի, իմ ձայնի, տարիքի մասին»,- ընդգծել է նա:

Ճանաչված երգիչը հանդես կգա Փարիզի Palais des Sports սրահում միանգամից վեց համերգով: Երեկոները կանցկացվեն սեպտեմբերի 15-27-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում