«Ժամանակ». Գյումրիի ռուսականացումը շարունակվում է

«Ժամանակ». Գյումրիի ռուսականացումը շարունակվում է

«Գյումրիի Բուլվարային թաղամասը սկսվում է «Արդարամիտների պուրակ» յուրօրինակ անվանումով հայտնի տարածքով, որը, ըստ էության, դեռ նախորդ տարվա վերջերին պետք է ունենար այլ անվանում և նշանակություն: Ըստ նախագծի ու նաև քաղաքում պտտվող լուրերի՝ այդ պուրակն ու այնտեղ կառուցվելիք հուշարձանը խորհրդանշելու էին հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։

Տարածքում է գտնվում նաև մեծ հայորդիներից Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հուշաքարը, ու թերևս այս հանգամանքով է պայմանավորված որ, գյումրեցիները այն ինքնաբուխ կերպով անվանում են «Արդարամիտների պուրակ»։

Մեզ հետ զրույցում տեղի բնակիչներն իրենք էլ դժվարացան պատասխանել այն հարցին, թե վերջապես ում անունով կամ ինչպես է կոչվելու հետաքրքրող պուրակը, ոմանք ասում էին, որ հուշարձանը լինելու էր Հրանտ Դինքին նվիրված, ոմանք նշում էին, թե պուրակն է ուղղակի բարեկարգվել, երրորդներն էլ նշում էին, որ թաղամասի երեխաների խաղահրապարակ էր կառուցվելու, սակայն ֆինանսավորողը մահացել է, ու շինաշխատանքները դադարեցվել են։ Այն, որ հուշարձանի կառուցումը ֆինանսավորող բարերարը մահացել է, հաստատում են նաև քաղաքի պատասխանատուները և միաժամանակ նշում, որ Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածքային բաժանմունքի նախագահի դիմում-գրության հիման վրա Գյումրիի քաղաքապետարանը կայացրել է համապատասխան թույլտվության որոշում՝ հիշյալ տարածքում իրականացնել բարեկարգման աշխատանքներ։

Եվ ահա, երեկ Գյումրիի ավագանին հաստատեց այդ պուրակն անվանել «Կուրսկի պուրակ»։ Ստացվում է, որ ռուսաստանաբնակ հայերը նաև սկսել են նոր նորաձևություն մտցնելու բարերարությունն անմահացնել ռուսական անվանումներով հրապարակներ, պուրակներ ու փողոցներ անվանակոչելով։ Իհարկե, վատ բան չէ քաղաքում ունենալ գեղեցիկ ու կանաչ տարածք, սակայն ինչ երաշխիք, որ վաղը չենք ունենա Չիտայի հրապարակ (ի դեպ՝ Պերմյակովը հենց Չիտայի երկրամասի Բալեյ ավանից է), Սիկտիվկարի փողոց, Վորկուտայի պուրակ և այլն, և այլն։ Մի քիչ շատ չէ՞ արդյոք Գյումրիի ռուսականացումը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում